Մատչելի հղումներ

Պետդուման նախնական հավանության է արժանացրել ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից երեխաների որդեգրման արգելքը


Ռուսաստանի օրենսդիրներն օրինագիծը հավանության են արժանացրել երկրորդ ընթերցմամբ

Ռուսաստանի Պետդուման «Սերգեյ Մագնիտսկու օրենքին» ի պատասխան մշակվող օրինական միջոցառումների քննարկման շրջանակներում նախնական հավանության է արժանացրել ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրման արգելքը:

Սահմանադրական օրենսդրության և պետական հարցերով Պետդումային հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պլիգինը ներկայացրել է հանձնաժողովի կողմից ընդունման համար հավանության արժանացրած փոփոխությունների ցանկը, որոնցից մի մասով կանցկացվի առանձին քվեարկություն: Սակայն բոլոր փոփոխությունների շուրջ, ըստ հաղորդագրությունների, անցկացվում են քննարկումներ:

Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրումն արգելող՝ այսպես կոչված «Դիմա Յակովլևի օրենքի» նախագիծը Պետդումայի քննարկմանն էր ներկայացվել ԱՄՆ-ում «Սերգեյ Մագնիտսկու» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: «Սերգեյ Մագնիտսկու» օրենքով նախատեսվում է մուտքի արտոնագրային և տնտեսական պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտման հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ:

«Սերգեյ Մագնիտսկու օրենքի» ընդունմանն ի պատասխան մշակվող օրենսդրությունը նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հավանության արժանանալու դեպքում, Ռուսաստանում Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից երեխաների որդեգրման արգելքը ուժի մեջ կմտնի 2013 թվականի հունվարի 1-ից:

Ռուսաստանի օրենսդիրների կողմից առաջարկվող՝ Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից երկրում երեխաների որդեգրման լիակատար արգելքի և այս ոլորտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վերջերս կնքված պայմանագրի չեղյալ հայտարարումը մեծ արձագանք են առաջացրել Ռուսաստանի հասարակությունում:
XS
SM
MD
LG