Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն անսպասելի այց է կատարել Քուվեյթ


Քուվեյթում ծառայություն է անցնում Միացյալ Նահանգների 13,5 հազար զինծառայող, որոնք, ըստ պաշտպանության նախարար Պանետայի, «հզոր և ճկուն ներկայության» մաս են կազմում

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան չհայտարարված այց է կատարել Միացյալ Նահանգների դաշնակից Քուվեյթ:

Պաշտպանության նախարար Պանետան երեքշաբթի օրը Քուվեյթ ժամանելուց առաջ ասել է, թե այս երկրում և Պարսից ծոցի ամբողջ տարածքում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը նպաստում է «ագրեսիան հետ պահելուն», ինչպես նաև ԱՄՆ-ի գործընկերների կարողությունների ամրապնդման:

Քուվեյթում ծառայություն է անցնում Միացյալ Նահանգների 13,5 հազար զինծառայող, որոնք, ըստ Պանետայի, «հզոր և ճկուն ներկայության» մաս են կազմում:

«Եթե նայեք տարածաշրջանին ամբողջությամբ, ապա այստեղ տեղակայված է մեր մոտ 50 հազար զինծառայող», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը՝ հավելելով. «Մենք ըստ էության այն դիրքում ենք, որը թուլ է տալիս արձագանքել տարածաշրջանում անսպասելի ցանկացած իրավիճակի, և այս գործում Քուվեյթն առանցքային դեր ունի»:

Պաշտպանության նախարար Պանետան նաև գովասանքի և գնահատանքի խոսքեր է հղել Միացյալ Նահանգների զինծառայողներին՝ իրենց նվիրվածության և ծառայության համար:
XS
SM
MD
LG