Մատչելի հղումներ

Եգիպտոսի բանակին քաղաքացիական անձանց ձերբակալելու լիազորություն է տրվել


Նախագահի հրամանագրով զինված ուժերին հանձնարարվել է ոստիկանության հետ մեկտեղ պաշտպանել «կենսական նշանակություն ունեցող ինստիտուտները»

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին երկրի զինված ուժերին տվել է քաղաքացիական անձանց ձերբակալելու լիազորություն, ինչը կազմում է երկրում շաբաթ օրը կայանալիք սահմանադրության շուրջ հանրաքվեի ընթացքում անվտանգությունը պաշտպանելու մասին հրամանագրի մասերից մեկը:

Այս հրամանագրով զինված ուժերին հանձնարարվել է ոստիկանության հետ մեկտեղ պաշտպանել «կենսական նշանակություն ունեցող ինստիտուտները»:

Եգիպտոսի ազատական ընդդիմությունը պաշտոնապես հերքել է նախագահ Մորսիի իսլամիստ դաշնակիցների կողմից մշակված նոր սահմանադրության շուրջ հանրաքվե անցկացնելու ծրագիրը:

«Ազգային փրկության ճակատ»-ի խոսնակը կիրակի օրը ուշ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ ասել է, թե սահմանադրության նախագիծը պատշաճ եղանակով չի ներկայացնում Եգիպտոսի բոլոր բնակիչներին: Նրա համաձայն, սահմանադրության շուրջ հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ուժի մեջ թողնելը երկրում նոր առճակատման կհանգեցնի:

«Ազգային փրկության ճակատ» դաշինքն անցյալ շաբաթ կոչ է արել հանրաքվեի դեմ զանգվածային ցույցերի դուրս գալ: Որոշ դիտորդների համաձայն, սահմանադրության նախագիծը հանրաքվեի ընթացքում հաստատված լինելու բավականին մեծ հնարավորություն ունի, քանի որ նախագահ Մորսիին սատարող «Մահմեդական եղբայրությունը» քվեարկության ընթացքում ընտրողներին համախմբելու մեծ ունակություն ունի:

Եգիպտոսի աշխարհիկ բնակիչներից շատերը մտավախություն ունեն, որ նոր սահմանադրությունը կարող է խարխլել քաղաքացիական ազատությունները, քանի որ դրանով նախատեսված է բարձրացնել իսլամական օրենքի դերը՝ միաժամանակ որևէ հստակ նշում չկատարելով կանանց իրավունքների մասին:
XS
SM
MD
LG