Մատչելի հղումներ

«Ներգաղթի ծավալները չդանդաղեցնելու դեպքում ԱՄՆ-ի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 127 միլիոնով»


Ներգաղթի ծավալների կրճատման դեպքում սակայն մինչև 2050 թվականը ԱՄՆ-ի բնակչության աճը կկազմի 31 միլիոն մարդ

«Ներգաղթի ուսումնասիրության կենտրոն»-ի կանխատեսումների համաձայն, դեպի ԱՄՆ ներգաղթի տեմպերի նույն մակարդակին պահպանվելու դեպքում երկրի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 40 տոկոսով՝ 2010 թվականի 309-ից 2050 թվականին հասնելով 436 միլիոնի:

Ներգաղթի ծավալների կրճատման դեպքում սակայն մինչև 2050 թվականը ԱՄՆ-ի բնակչության աճը կկազմի 31 միլիոն մարդ:

«Ներգաղթի ուսումնասիրության կենտրոն»-ն ավելի վաղ հրապարակել է ուսումնասիրություն, որի համաձայն նախագահ Բարաք Օբամայի կողմից երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Միացյալ Նահանգներում ստեղծված աշխատատեղերի 67 տոկոսը զբաղեցրել են օրինական և անօրինական եղանակով ներգաղթած անձինք: Ուսումնասիրության մեջ նշվել է նաև, որ ներգաղթածները հաղթանակած են դուրս գալիս նաև աշխատատեղերի համար տեղաբնակների հետ ծավալված մրցակցության մեջ:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարության տեղեկությունների համաձայն, 2011 թվականին Միացյալ Նահանգներում աշխատանքի իրավունք տվող փաստաթղթեր է տրամադրվել 1 միլիոն 60 հազար ներգաղթածի:

Դեպի Միացյալ Նահանգներ անօրինական ներգաղթած անձանց հոսքը սակայն զգալիորեն դանդաղել է: «Փյու» հետազոտական կենտրոնի կողմից վերջերս հրապարակված տեղեկությունների համաձայն, 2011 թվականին ԱՄՆ-ում բնակվել է 11,1 միլիոն անօրինական ներգաղթած, մինչդեռ 2007 թվականին անօրինական ներգաղթածների թիվը երկրում հասել էր 12 միլիոնի, սակայն Միացյալ Նահանգներում տնտեսական լայնածավալ խնդիրներ առաջանալուց հետո այդ թիվը սկսեց նվազել:
XS
SM
MD
LG