Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու օգտին


Միաժամանակ պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանում մարդու իրավունքների խախտողների նկատմամբ

ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու օգտին՝ միաժամանակ պատժամիջոցներ սահմանելով այդ երկրում մարդու իրավունքների խախտողների նկատմամբ:

Միացյալ Նահանգների օրենսդիրները հինգշաբթի օրը քվեարկել են Ռուսաստանի նկատմամբ դեռևս Սառը պատերազմի տարիներին սահմանված պատժամիջոցները հանելու օգտին: Օրինագծով նախատեսվում է նաև բարելավել ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունները Մոլդովայի հետ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է ստորագրել օրինագիծը, որը Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել է դեռևս անցյալ ամիս:

Օրինագիծը նախատեսում է նաև պատժամիջոցներ մարդու իրավունքները խախտողների համար և, ըստ օրինագծի համահեղինակ, սենատոր Բեն Քարդինի, պաշտպանություն կտրամադրի «զոհ դարձած անձանց»:

Նոր ընդունված օրինագծի ևս մեկ հեղինակ, սենատոր Ջոն ՄըքՔոյնն ասել է, որ այս իրավական փաստաթուղթը «հստակ ուղերձ է հղում Մոսկվային»:

«Կարծում եմ՝ ուղերձ ենք հղում Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի կրատոկրատիային այն մասին, որ մարդու իրավունքների նման չարաշահումները չեն հանդուրժվի, և մենք համապատասխան արձագանք կտանք դրան: Իմ կարծիքով, այս օրենսդրությունը հակառուսական չէ: Այն ընդունված է հանուն Ռուսաստանի այն բնակիչների, որոնք շատ ավելի լավի են արժանի, քան իրենք արժանացել են առ այսօր», - ասել է սենատոր ՄըքՔեյնը:

ԱՄՆ-ի Սենատի կողմից որպես «Մագնիտսկու ակտի» կապակցությամբ քվեարկություն անցկացնելուց անմիջապես հետո Ռուսաստանի արտգործնախարարությունը խիստ քննադատության է արժանացրել օրինագիծը՝ «աբսուրդի թատրոն» անվանելով այն:

Ռուսաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ դատապարտել է օրինագիծը՝ որակելով այն որպես «բացարձակապես անբարյացակամ, սադրիչ միակողմանի քայլ»:

Օրինագիծը կրում է 37-ամյա ռուսաստանցի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու անունը, որը բանտարկվել էր պետության հարկային միջոցներից մոտ 250 միլիոն դոլար հափշտակած Ռուսաստանի մի շարք պաշտոնյաներին բացահայտելուց հետ: Մագնիտսկին մահացել է բանտում 2009 թվականին:
XS
SM
MD
LG