Մատչելի հղումներ

«Կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ցուցաբերել քաղաքական կամք»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ու Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը (լուսանկար՝ OSCE/Dan Dennison)
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ու Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը (լուսանկար՝ OSCE/Dan Dennison)

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ու Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը Դուբլինում ընթացող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի 15-րդ ամենամյա նիստի ընթացքում հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Օգտվելով Դուբլինում ընթացող ԵԱՀԿ-ի ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում անցկացված հանդիպումից, մենք` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարներս, կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է խաղաղ լուծման հասնելու համար: Ինչպես 2010 թվականի հունիսի 18-ին Լոս Կաբոսում հայտարարել են մեր երկրների նախագահները, կողմերը պետք է առաջնորդվեն Հելսիկյան սկզբունքներով, մասնավորապես, ուժի չկիրառմամբ կամ դրա կիրառման սպառնալիքի բացակայությամբ, տարածքային ամբողջականությամբ, ժողովրդի ինքնորոշման իրավունքով, ինչպես նաև 2009 թվականին Ակվիլում և 2010 թվականին Մուսկոկայում նախագահների հայտարարություններում ձևակերպված դրույթներով: Հիմնվելով 2011 թվականին Դովիլում նախագահների հայտարարությունների վրա` կրկին կոչ ենք անում կողմերին վճռական քայլեր ձեռնարկել` խաղաղ լուծման հասնելու համար»:

«Ցավում ենք, որ հակամարտությունն արագ կարգավորելու վերաբերյալ սպասումները, որոնք սկիզբ էին առել 2012 թվականի հունվար ամսին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության ընդունումից հետո, չարդարացան: Ավելին, կողմերը բանակցությունների ընթացքում փորձում էին հասնել միակողմանի առավելությունների՝ փոխըմբռնման վրա հիմնված լուծման ուղիներ փնտրելու փոխարեն: Վերջին ամիսներին շփման գծում լուրջ միջադեպերի թվի նվազումն ընդունելով` մենք հիշեցնում ենք հետագայում ևս հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև այն մասին, որ ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնում հակամարտության լուծման: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք հանգեցնում են ատելության և լարվածության ավելացման: Կողմերի առաջնորդները պետք է նախապատրաստեն իրենց ժողովուրդներին, որ մի օր նրանք կրկին ապրելու են որպես հարևաններ, այլ ոչ թե որպես թշնամիներ, հարգելու են միմյանց մշակույթները, պատմությունը և ավանդույթները», - ասված է հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում կողմերին առավել կարևորել խաղաղության գործընթացը և աշխատել համանախագահների հետ աշխատել՝ լիարժեք և ուշադիր հաշվի առնելով նոյեմբեր ամսին համանախագահների կողմից տարածաշրջան կատարված այցի արդյունքում առաջարկված գաղափարները: Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախարարների՝ համանախագահների ներկայությամբ 2013 թվականի սկզբին հանդիպելու և առաջարկները քննարկելու պատրաստակամությունը: Մեր երկրները պատրաստ են անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի օգնեն կողմերին, սակայն նրանք շարունակում են կրել պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:
XS
SM
MD
LG