Մատչելի հղումներ

Քեմբրիջի դքսուհին դուրս է գրվել հիվանդանոցից


Արքայական զույգը Քեթրինի ապաքինման ընթացքում կապրի լոնդոնյան իրենց բնակարանում

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի հղի կինը դուրս է գրվել Լոնդոնի կենտրոնում գտնվող հիվանդանոցից՝ այնտեղ անցկացնելով չորս օր, որոնց ընթացքում առավոտյան սրտխառնոցի դեմ բուժում է ստացել:

Ուիլյամ և իր տիկին Քեթրինը, որոնք այժմ կրում են պաշտոնական Քեմբրիջի դուքս և դքսուհի տիտղոսները, հինգշաբթի օրը միասին դուրս են եկել Լոնդոնի թագավոր Էդվարդ VII-ի անվան հիվանդանոցից: Մեծ Բրիտանիայի արքունիքի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, արքայական զույգը Քեթրինի ապաքինման ընթացքում կապրի լոնդոնյան իրենց նստավայրում:

Ավստրալիայի ռադիոյի երկու հաղորդավար չորեքշաբթի օրը զանգահարել էին հիվանդանոց, որտեղ գտնվում էր Քեթրինը՝ արքայական ընտանիքի անդամներ լինելու պատրվակով: Ռադիոհաղորդավարներին հաջողվել էր մոլորության մեջ գցել բուժքույրին, որը զանգողներին տրամադրել էր Քեթրինի առողջական վիճակի մասին անհատական բնույթի տեղեկություններ:

Այս արարքը հասարակության զայրույթի պատճառ է դարձել, որից հետո Սիդնեյի ռադիոկայանը ներողություն է խնդրել իր հաղորդավարների գործողությունների համար, իսկ հիվանդանոցն անվտանգության խախտման կապակցությամբ հետաքննություն է հարուցել:

Սբ. Ջեյմսի պալատը հանդես էր եկել արքայական զույգի կողմից երեխա սպասելու մասին հայտարարությամբ երկուշաբթի օրը՝ Քեթրինի հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Արքայազն Ուիլյամը, որը արքայազն Չարլզից հետո Մեծ Բրիտանիայի գահի իրավասության գծում երկրորդն է, ընտանիք է կազմել Քեթրին Միդլթոնի հետ 2011 թվականի ապրիլին: Իրենց երեխան կդառնա Մեծ Բրիտանիայի գահի իրավասության գծում արքայական ընտանիքի երրորդ անդամը:
XS
SM
MD
LG