Մատչելի հղումներ

Պաղեստինցիները ՄԱԿ-ի «ոչ անդամ դիտորդ պետության» կարգավիճակ են ստացել


«Այսօր դուք դիմել եք աշխարհին՝ պաղեստինցիների պետությունը ճանաչելու խնդրանքով, սակայն դուք մինչ այժմ հրաժարվում եք հրեական պետությունը ճանաչելուց». ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել Պաղեստինցիների ինքնավարության կարգավիճակը ՄԱԿ-ի «ոչ անդամ դիտորդ պետության» հասցնելուն ուղղված դիմումը:

Հարյուր երեսունութ երկիր քվեարկել է Պաղեստինցիների ինքնավարության կարգավիճակը բարձրացնելու օգտին՝ զգալիորեն գերազանցելով այս կարգավիճակը ստանալու համար պահանջվող 193 պետության պարզ մեծամասնությանը: Քվեարկության ընթացքում գրանցվել է նաև 41 ձեռնպահ և 9 «ոչ» քվե:

Պաղեստինցիների ինքնավարության կարգավիճակի բարձրացման դեմ քվեարկած երկու պետություններից են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը: Բացի այս, պաղեստինցիների դիվանագիտական հաղթանակը չեն սատարել որոշ այլ պետություններ. այսպես, Եվրոպայի երկրների շրջանում այս հարցի շուրջ տարաձայնություններ են եղել՝ 14 պետություն կողմ է արտահայտվել, 12-ը, ներառյալ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան, ձեռնպահ են մնացել, իսկ Չեխիայի Հանրապետությունը դեմ է քվեարկել:

Ելույթ ունենալով նախօրեին անցկացված քվեարկությունից առաջ, Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը հորդորել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային «ծննդական տալ» պաղեստինցիների պետականությանը:

Հատկանշական է, որ չնայած արաբական և մահմեդական պետությունների կողմից պաղեստինցիներին տրամադրվող աջակցության, արաբական ոչ մի պետության արտգործնախարար ներկա չի եղել Պաղեստինցիների ինքնավարության կարգավիճակի բարձրացմանն ուղղված քվեարկությանը, իսկ մահմեդական ընդամենը երկու պետության արտգործնախարար էր ժամանել քվեարկության՝ անձամբ քվեարկելու նպատակով: Այս նախարարներից մեկն էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն:

Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է հանդես գալիս պաղեստինցիների կարգավիճակի բարձրացմանն ուղղված ՄԱԿ-ի բանաձևին: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սյուզան Ռայսը քվեարկությունից հետո ասել է, թե պաղեստինցիների նոր կարգավիճակը չպետք է ընդունվի որպես ՄԱԿ-ին անդամակցելու իրավունք և չի նշանակում, որ պաղեստինցիները պետականություն են ստացել:

Իսրայելը նույնպես դեմ է հանդես եկել ՄԱԿ-ի այս նախաձեռնության: ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Ռոն Պրոզորն ասել է, թե պաղեստինցիների նոր կարգավիճակը չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատման և չի փոխի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

«Այսօր դուք դիմել եք աշխարհին՝ պաղեստինցիների պետությունը ճանաչելու խնդրանքով, սակայն դուք մինչ այժմ հրաժարվում եք հրեական պետությունը ճանաչելուց», - ասել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը:
XS
SM
MD
LG