Մատչելի հղումներ

Եգիպտոսի նախագահը ժողովրդին կդիմի ուղերձով


Ցուցարարները մեղադրում են նախագահ Մորսիին բռնապետին վայել գործողությունների դիմելու մեջ

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին հինգշաբթի օրը նախատեսում է հանդես գալ ժողովրդին հղված ուղերձով, երբ երկրում շարունակվում են իրեն չափազանց լայն լիազորություններ տալու մասին նախագահի հրամանագրի դեմ սկսված բողոքի ցույցերը:

Ընդդիմության ներկայացուցիչները շարունակել են բողոքի ցույցերը Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում: Արդեն յոթ օր շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցները մեղադրում են Մորսիին բռնապետին վայել գործողությունների դիմելու մեջ: Անցյալ գիշեր ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև տեղի են ունեցել նոր բախումներ, որոնց ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

Նախագահ Մորսիի կողմնակիցները խոստացել են իրենց ցույցն անցկացնել շաբաթ օրը:

Եգիպտոսի բարձրագույն դատարանները չորեքշաբթի օրը գործադուլ են հայտարարել՝ այսպիսով նույնպես արտահայտելով իրենց բողոքը նախագահի կողմից արձակված հրամանագրի կապակցությամբ: Դատավորները խոստացել են գործադուլը շարունակել այնքան ժամանակ, մինչև սահմանադրական դատարանը որոշում չկայացնի նախագահ Մորսիի կողմից իրեն դատական մարմինների վերահսկողությունից բարձր դասելու կապակցությամբ:

Երկրի սահմանադրական դատարանն իր հերթին մեղադրել է Մորսիին դատարանի անկախության ուղղությամբ «անհիմն հարձակում» իրականացնելու մեջ: Դատարանի կողմից չորեքշաբթի օրն ընդունված հայտարարության մեջ հերքվել է Մորսիի այն մեղադրանքը, որի համաձայն դատարանն աշխատում է իր կառավարությունը տապալելու ուղղությամբ:

Նախագահ Մորսիի համաձայն, իր հրամանագիրը նախատեսված է պետական մարմինները պաշտպանելու համար: Ավելի ուշ նա խոստացել էր երկրի Դատական գերագույն խորհրդին, որ կսահմանափակի իրեն տրված լիազորությունները պետության ինքնիշխանության հետ կապված հարցերում: Նախագահը սակայն չի սահմանել «պետության ինքնիշխանության հետ կապված հարցերը», որոնց կարգավորման վերաբերյալ ինքը նախատեսում է բացարձակ իշխանություն պահպանել:
XS
SM
MD
LG