Մատչելի հղումներ

Եգիպտոսում հակասությունները խորանում են ժողովրդավարների ու իսլամիստների միջեւ


Եգիպտոսի դրամական շուկայում մեկ օրվա ընթացքում արձանագրվեցբ արժեթղթերի 1Օ տոկոսի անկում, երբ երկրի նախագահ Մոհամեդ Մորսան ստանձնեց իշխանության նոր լծակներ՝ առաջ բերելով բողոքի համատարած ալիք։ Մյուս կողմից նրա աջակից Մահմեդական եղբայրություն շարժումը կոչ է անում ժողովրդին համատարած հավաքներ սկսել ի պաշտպանություն իսլամիստ առաջնորդի։
Նախագահ Մորսիի աջակիցները եւ նրան ընդդիմացողները եկող երեքշաբթի որոշել են անցկացնել ցույցեր ու երթեր, որոնք կարող են վարածվել բռնությունների։

Եգիպտոսի ժողովրդավարության պաշտպան Մուհամեդ ԷլԲարադեյը կոչ է արել նախագահ Մորսիին հրաժարվել իր կողմից իրեն հանձնված իրավունքներից, հակառակ դեպքում, ասել է նա, նախագահը ստանում է բացարձակ իշխանություն, ինչը լի է նոր վտանգներով։
Ելույթ ունենալով Թահրիրի հրապարակում, ԷլԲարադեյն ասել է, թե նախագահը պետք է դիմի քայլերի՝ երկրում խառնաշփոթը կասեցնելու նպատակով։
Նախագահի որոշման դեմ բողոքներով է հանդես եկել նաեւ երկրի Դատավորների գերագույն խորհուրդը։ Դատավորները նախագահ Մորսիի քայլն անվանել են ՝՝աննախադեպ հարձակում՛՛ իրավական համակարգի անկախության դեմ։ Ի բողոք, դատավորները գործադուլ են սկսել Ալեքսանդրիա քաղաքում։

Ցուցարարները Թահրիրի հրապարակում կիրակի օրը քարեր էին նետում ընդդեմ ոստիկանության, վերջիններս՝ պատասխանում արցունքաբեր գազով։

Մորսիի հրամանագրով Եգիպտոսի արդարադատության վերին ատյանը զրկվում է խորհրդարանի վերին պալատը եւ նոր սահմանադրության նախագիծ ներկայացնող կառույցը ցրելու իրավունքից։ Ի դեպ, երկու այս մարմիններում էլ մեծամասնություն են կազմում Մորսիի իսլամիստ դաշնակիցները։

Մորսին հրամայել է նաեւ վերանայել նախկին այն պաշտոնյաների դատական գործերը, որոնք դատապարտվել էին անցյալ տարվա հեղափոխական շարժման ժամանակ ժողովրդի դեմ բռնություններ կիրառելու մեղադրանքներով։

XS
SM
MD
LG