Մատչելի հղումներ

Իսրայելն ընդլայնել է Գազայի գոտու ուղղությամբ իրականացվող օդային հարվածները


«Համաս». «Բացվել են դժոխքի դռները»

Իսրայելի ռազմական օդանավերը հինգշաբթի օրը խոցել են բազմաթիվ թիրախներ՝ շարունակելով Գազայի գոտում գտնվող զինյալների դեմ իրականացվող օդային հարձակումները, որոնց արդյունքում նախօրեին ոչնչացվել է «Համաս» զինյալների կազմակերպության ռազմական բարձրաստիճան ղեկավարներից մեկը:

Գազայի գոտուց իր հերթին բազմաթիվ հրթիռներ են արձակվել դեպի Իսրայելի տարածք: Հրթիռները խոցել են բնակելի մի թաղամաս, ինչի արդյունքում զոհվել է Իսրայելի առնվազն երեք բնակիչ:

Իսրայելում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի համաձայն, հրթիռային հարձակման ենթարկված Իսրայելի հարավային տարածքների բնակիչները դուրս չեն գալիս իրենց տներից: Երկրի պաշտոնյաները զգուշացրել են բնակիչներին, որ հարձակման մասին տեղեկացնող ազդանշանները լսելուն պես անհրաժեշտ է ապաստան գտնել հասարակական հաստատություններում կամ հատուկ պաշտպանիչ կառույցներում:

Գազայի գոտուց 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իսրայելի տարածքներում փակվել են բազմաթիվ դպրոցներ և գործարար ձեռնարկություններ՝ պաղեստինցի զինյալների կողմից ռմբակոծությունը շարունակելու մտավախությանը պատճառով:

Գազայի գոտում տիրում է նման իրավիճակ. մարդիկ ապաստան են փնտրում և առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չեն գալիս փողոց:

Չնայած Իսրայելի կողմից իրականացված հարձակումների, Գազայի գոտում հինգշաբթի օրը զոհեր չեն եղել: Պաղեստինցիները հայտնել են սակայն, որ չորեքշաբթի օրը Իսրայելի օդուժի կողմից մահմեդական զինյալների դեմ իրականացված օդային զանգվածային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ:

Իսրայելի օդուժի կողմից չորեքշաբթի օրն իրականացված հարձակումներից մեկի արդյունքում ոչնչացվել է «Համաս»-ի հրամանատարներից մեկը՝ Ահմեդ ալ-Ջաբարին:

Իսրայելը զգուշացրել է «Համաս»-ի այլ անդամներին, որ գալիք մի քանի օրվա ընթացքում «չպետք է գետնից բարձրացնեն» իրենց երեսը:

«Համաս»-ն իր հերթին զգուշացրել է Իսրայելին՝ ասելով, թե «բացվել են դժոխքի դռները», և խոստանալով վրեժխնդիր լինել:

XS
SM
MD
LG