Մատչելի հղումներ

Պանետան իր աջակցությունն է հայտնել սկանդալի մեջ ներգրավված գեներալին


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ գեներալ Ջոն Ալենը կարող է շարունակել զբաղեցնել Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարի պաշտոնը՝ չնայած սկանդալում վերջինիս ներգրավվածության

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգների զինված ուժերի գեներալ Ջոն Ալենը կարող է շարունակել զբաղեցնել Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարի պաշտոնը՝ չնայած Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեյվիդ Փեթրեուսի հրաժարականի պատճառը դարձած սկանդալում վերջինիս ներգրավվածության:

Պանետան այս սկանդալի վերաբերյալ հրապարակային առաջին հայտարարությամբ է հանդես եկել չորեքշաբթի օրը Ավստրալիայում, որտեղ մասնակցում է երկկողմանի ռազմավարական համագործակցության շուրջ բանակցությունների:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենի նկատմամբ, որին մեղադրում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դեյվիդ Փեթրեուսի հրաժարականի պատճառը դարձած Ջիլ Քելիի հետ «ոչ պատշաճ կերպով հաղորդակցվելու մեջ»:

Միացյալ Նահանգների զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երեքշաբթի օրն ասել էր, որ Պենտագոնն ուսումնասիրում է 2010-ից 2012 թվականներն ընկած ժամանակահատվածում գեներալ Ալենի և Ջիլ Քելիի միջև 20-ից 30 հազար էջ ծավալով նամակագրությունը:

Պաշտոնյան չի մանրամասնել փաստաթղթերի բնույթը, սակայն ասել է, թե գոյություն ունի «հստակ հնարավորություն», որ այս գործը կապ ունի Փեթրեուսի նկատմամբ իրականացվող հետաքննության հետ:

Ջիլ Քելին գեներալ Փեթրեուսի ընկերն է, որի կողմից ՀԴԲ-ին ներկայացված բողոքն այն կնոջ մասին, որի հետ կապի մեջ էր Փեթրեուսը, դարձել է անցյալ շաբաթ գեներալի հրաժարականի պատճառը:

ՀԴԲ-ն իր հերթին կիրակի օրը գեներալ Ալենին վերաբերող նյութեր է ներկայացրել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը, ինչից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան կարգադրել է Պենտագոնի ավագ քննիչին հետաքննություն հարուցել:

Գեներալ Ալենը հերքել է որևէ խախտում կատարելու մասին իրեն ներկայացվող մեղադրանքները և հետաքննության ընթացքում պահպանելու է Աֆղանստանում ունեցած իր պաշտոնը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցյալ ամիս առաջադրել էր գեներալ Ալենի թեկնածությունը Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության ղեկավարի և Եվրոպայում դաշնակիցների հաջորդ գերագույն հրամանատարի պաշտոնում:

Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ նախագահը հետաձգել է գեներալ Ալենի առաջադրումը, իսկ նախարար Պանետան դիմել է ԱՄՆ-ի Սենատին՝ այս պաշտոնում գեներալի նշանակման մասին լսումները հետաձգելու խնդրանքով:

ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ գեներալ Ալենին Աֆղանստանում փոխարինելու նպատակով առաջադրել էր գեներալ Ջոզեֆ Դանֆորդի թեկնածությունը: Ըստ Պենտագոնի, նախարար Պանետան ցանկություն էր հայտնել, որպեսզի գեներալ Դանֆորդի թեկնածությունը հաստատվի հնարավորինս արագ՝ անկախ նոր հետաքննության արդյունքներից:
XS
SM
MD
LG