Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն այցելել է Լիոն


Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած եռօրյա պաշտոնական այցի ավարտին այցելել է Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել ֆրանսահայ համայնքի, Լիոնի քաղաքապետի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում մեկնել է բավականին մեծ և լավ կազմակերպված հայկական համայնք ունեցող Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Երևանի և Լիոնի միջև ձևավորված և արդեն որոշակի պատմություն ունեցող արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով այս ձևաչափով հայ֊-ֆրանսիական գործընկերային կապերը: Այդ տեսանկյունից կարևորվել է երկու քաղաքապետարանների ներկայացուցիչների պարբերական դարձած փոխայցելությունների ավանդույթը:

«Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժերար Կոլոմբին այն շարունակական հետաքրքրության համար, որ նա ցուցաբերում է Հայաստանի և հայությանը հուզող հարցերի նկատմամբ, ինչպես նաև բազմակողմ աջակցության, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սենատոր Կոլոմբի անուրանալի ներդրման ու Երևան-Լիոն հարաբերությունների ձևավորման գործում ունեցած ավանդի համար: Հանրապետության նախագահը համոզվածություն է հայտնել, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն այսուհետ ևս կշարունակի ամրապնդվել նաև ի շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի քույր քաղաքների գործընկերության ու բարեկամության», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Լիոնում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Ըստ հաղորդագրության, Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկի՝ Ռոն-Ալպի առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նախագահը խոսել է Ֆրանսիայի և, մասնավորապես, Լիոնի գործարարներին հետաքրքրող վերջին նախաձեռնությունների ու զարգացումների, իրականացվող բարեփոխումների, հայ-ֆրանսիական տնտեսական կապերի, առևտրատնտեսական պատմական հարաբերությունների ու այդ հարաբերությունների խորացման հեռանկարի մասին: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախ Հայաստանի տնտեսական հնարավորությունները, այդ ոլորտում հայ-ֆրանսիական ներուժը լիարժեքորեն և արդյունավետ օգտագործելու դեպքում, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները հնարավոր է զգալիորեն մեծացնել, անգամ՝ բազմապատկել:

Ավելի ուշ Լիոնի քաղաքապետարանում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, ի պատիվ ՀՀ նախագահի, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի անունից տրվել է ընդունելություն: Լիոնի քաղաքապետն ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել Լիոնի Պատվո հուշամեդալը:

Ընդունելության ժամանակ իր խոսքում Հայաստանի նախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին:

«Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և մենք պետք է ավելի կազմակերպված դարձնենք մեր համազգային պայքարը, որպեսզի մարդկության դեմ կատարած հանցագործությունը այլևս երբեք չկրկնվի: Համոզված եմ, որ վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու հաշվի նստել իրականության հետ: Եվրոպայի հետ աղերս ունենալու համար դա, թերևս, նվազագույն պայման է, և ինչի մասին երեկ բացահայտ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ պարոն Օլանդը», - իր խոսքում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
XS
SM
MD
LG