Մատչելի հղումներ

Իրանն անուղղակիորեն հաստատել է հարձակումն ամերիկյան անօդաչու օդանավի ուղղությամբ


Իրանի հեղափոխական պահակազորի գեներալը խոստացել է «վճռական պատասխան տալ օդային, ցամաքային կամ ծովային ցանկացած ագրեսիային»

Իրանի իշխանությունները խոստացել են միջոցներ ձեռնարկել իր օդային տարածք մուտք գործող ցանկացած օդանավի նկատմամբ:

Իրանի հեղափոխական պահակազորի գեներալ Մասուդ Ջազայերին ուղղակիորեն չի հաստատել Պարսից ծոցի միջազգային ջրերի վրայով թռչող՝ Միացյալ Նահանգների զինված ուժերին պատկանող անօդաչու օդանավերից մեկի ուղղությամբ կրակ բացելու հետ կապված միջադեպը, սակայն խոստացել է «վճռական պատասխան տալ օդային, ցամաքային կամ ծովային ցանկացած ագրեսիային»:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի խոսնակ Ջորջ Լիթլը մեկ օր առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն նոյեմբերի 1-ին «Պրեդատոր» տեսակի անօդաչու օդանավն իրականացնում էր կանոնավոր գաղտնի հերթապահություն: Լիթլի համաձայն, օդանավը մուտք չէր գործել Իրանի տարածքային ջրեր, օդանավը հարձակման արդյունքում վնասվածքներ չի ստացել և կարողացել էր անվտանգ վերադառնալ ռազմակայան:

Պենտագոնի խոսնակի համաձայն, Միացյալ Նահանգները տեղեկացրել է Իրանին Պարսից ծոցում հետախուզական գործողությունները շարունակելու մտադրության մասին, ինչը համապատասխանում է արդեն երկար ժամանակ գործող քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման ԱՄՆ-ի հանձնառությանը:

Հատկանշական է, որ ամերիկյան պաշտպանական գերատեսչությունը սովորաբար մեկնաբանություններ չի տրամադրում գաղտնի առաքելությունների շուրջ: Պենտագոնի խոսնակը ափսոսանքով նշել է, որ տեղի է ունեցել օդանավի ուղղությամբ իրականացված հարձակման մասին տեղեկությունների «արտահոսք»:
XS
SM
MD
LG