Մատչելի հղումներ

Ռասմուսենը մտահոգված է Ադրբեջանի կողմից մարդասպանի ներման կապակցությամբ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «2004 թվականին կատարված արարքը զարհուրելի հանցագործություն է, որը չպետք է հերոսացվի»

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը խիստ մտահոգություն է հայտնել Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարության միջոցով սպանած մարդասպանին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու և պարգևատրելու կապակցությամբ:

Հանդես գալով Երևանում` Ռասմուսենն ասել է. «2004 թվականին կատարված արարքը զարհուրելի հանցագործություն է, որը չպետք է հերոսացվի: Մարդասպանին ներում շնորհելը վնաս է հասցնում փոխվստահության ձևավորմանը և չի նպաստում խաղաղության գործընթացին»:

«Բլումբերգ» գործակալության վկայությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ չի կարող լինել վերադարձ դեպի զինված հակամարտություն:

«Լարվածությունը պետք է նվազեցվի և անհրաժեշտ է ընդունել հստակ քայլեր՝ տարածաշրջանում համագործակցությունը և մերձեցումն առաջ տանելու համար», - իր ելույթում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
XS
SM
MD
LG