Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը գալիք շաբաթ որոշում կկայացնի Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի կյանքի ապահովագրության գործը քննության ընդունելու հնարավորության վերաբերյալ


ԱՄՆ-ի Գերագույն դատարանը գալիք շաբաթ որոշում կկայացնի Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի կյանքի ապահովագրության գործը քննության ընդունելու հնարավորության վերաբերյալ՝ որոշում կայացնելու համար, թե արդյոք անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ-ի իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, որը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության զոհերի ապահովադիր գումարները ժառանգներին տրամադրելու մասին Կալիֆորնիայի նահանգային օրենքի իրագործումն արգելելու վերաբերյալ:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, դատարանը սեպտեմբերի 24-ին կայանալիք նիստի ընթացքում կվերանայի այս տարվա ամառվա ընթացքում ստացված հայցերը, որից քիչ անց հանդես կգա հրապարակային հայտարարությամբ:

Հաղորդագրությունում նշվել է, որ ԱՄՆ-ի իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշման վերանայմանը սատարելու նպատակով ԱՄՆ-ի Գերագույն դատարանին անցյալ ամիս փորձագիտական եզրակացություն են ներկայացրել ԱՄՆ-ի դաշնային և նահանգային օրենսդիրները, որոնց թվում են կոնգրեսական Ջեքի Սպիերը, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ավագ անդամ Հովարդ Բերմանը, կոնգրեսականներ Դեյվիդ Սիսիլինը, Աննա Էշուն, Ֆրենք Փալոնը, Էդ Ռոյսը, Ադամ Շիվը և Բրեդ Շերմանը:

Օրենսդիրների կողմից ներկայացված փորձագիտական եզրակացությունն հասարակական հիմունքներով նախապատրաստվել է «Snell & Wilmer LLP» իրավաբանական ընկերության բողոքարկման գործերով գործընկեր և հայցում ներառված փաստաբան Մարի-Քրիստին Սունգալիայի և ընկերության փաստաբան Սիփան Պարսեղյանի կողմից:

Փորձագիտական եզրակացությունում հակիրճ ներկայացված են Միացյալ Նահանգներում տասնյակ տարիների ընթացքում մշակված նահանգային և տեղական մակարդակի օրենսդրական ակտերը, որոնք նպատակ են հետապնդում կարգավորել օտարերկրյա պետություններում՝ սկսած Հարավային Աֆրիկայից մինչև Սուդանն ու Իրանը, ներդրումային քաղաքականությունը որոշող ուղենիշները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում առևտուրը զարգացնելուն ուղղված քաղաքականությունը:
«Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման օրենսդիրները չեն կարողանալու պաշտպանել իրենց համայնքների շահերը պատշաճ կերպով, եթե նրանց արգելվեն այնպիսի գործողությունները, որոնք կարող են նույնիսկ շոշափողական եղանակով ազդեցություն գործել արտաքին հարաբերությունների վրա», - նշած է եզրակացության մեջ:

«Գլոբալիզացիան գնալով է՛լ ավելի մեծ միջազգային կարևորություն է հաղորդում քաղաքականության այն ոլորտներին, որոնք, ըստ Դատարանի որոշման, ավանդաբար եղել են նահանգների ընդդատության ներքո: ԱՄՆ-ի իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումն անտեսում է այս իրականությունը, և, ինչպես նշվել է, սպառնում է նահանգային և տեղական օրենքների լայն շրջանակի կենսունակությանը», - նշված է ԱՄՆ-ի դաշնային և նահանգային օրենսդիրների կողմից ԱՄՆ-ի Գերագույն դատարանին ներկայացված փորձագիտական եզրակացության մեջ:
XS
SM
MD
LG