Մատչելի հղումներ

Պետական ծախսերի ավտոմատ կրճատումները, որոնց ծավալը կազմում է 85 միլիարդ դոլար, ուժի մեջ կարող են մտնել այս տարվա մարտ ամսվա առաջին օրվանից

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին գործողություններ ձեռնարկել՝ կանխելու համար «սեկվեստրացիա» անվանումը կրող պետական ծախսերի ավտոմատ կրճատումները, որոնց ծավալը կազմում է 85 միլիարդ դոլար, և որոնք, որևէ լուծում չգտնելու դեպքում, ուժի մեջ կմտնեն այս տարվա մարտ ամսվա առաջին օրվանից:

Վաշինգտոնում դեմոկրատների ու հանրապետականների առջև ևս մեկ անգամ կանգնած է պետական պարտքը նվազեցնելու միջոցների ընտրության խնդիրը: Հանրապետականները կոչ են անում կրճատել ներպետական ծախսերի ծրագրերը, մինչդեռ դեմոկրատները պահանջում են վերացնել հարուստներին հարկերից խուսափելու հնարավորություն տվող օրենսդրական բացերը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականներն այս անգամ սպառնում են չխոչընդոտել ավտոմատ կրճատումների ուժի մեջ մտնելուն:

«Սեկվեստրացիան ուժի մեջ է մնալու այնքան ժամանակ, մինչև չիրականացվեն գալիք տասը տարվա ընթացքում հավասարակշռված բյուջե ստեղծելուն ուղղված կրճատումներն ու բարեփոխումները, և վե՛րջ», - նշել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները:

Նախագահ Օբաման սակայն զգուշացրել է, որ կրճատումները ցավոտ են լինելու:

«Այս կրճատումները խելամիտ չեն: Դրանք արդար չեն: Դրանք վնաս կհասցնեն մեր տնտեսությանը: Դրանց հետևանքով հարյուր հազարավոր ամերիկացիներ կլրացնեն գործազուրկների շարքերը: Կրճատումն աբստրակտ չէ: Մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը», - ասել է նախագահ Օբաման:

Որոշ հանրապետականներ սակայն պնդում են, որ կրճատումների ծավալը բավարար չէ:

«Քչերն են հասկանում, որ սեկվեստրացիան նույնիսկ չի կրճատում պետական ծախսերը: Այն միայն դանդաղեցնում է դրանց ծավալի աճը», - ասել է Քենտուկի նահանգի սենատոր, հանրապետական Ռենդ Փոլը»:

Հիշեցնենք, որ սեկվեստրացիային և ավտոմատ կրճատումների հետևանքներին ավելի վաղ անդրադարձել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան, որը վերահաստատել էր, որ երկրի պաշտպանության նոր նախարարը դեմ առ դեմ կկանգնի «ֆինանսական խառնաշփոթությունը կարգավորելու անհրաժեշտության հետ»:

«Կրճատումների իրականացման դեպքում պաշտպանության ոլորտի ծրագրերին սպառնում է լուրջ խաթարում, ինչը զգալիորեն կնվազեցնի մեր մարտական պատրաստականությունը», - շեշտել էր ԱՄՆ-ի պաշտպանության ներկայիս նախարարը՝ հավելելով. «Մենք ստիպված կլինենք մինչև 22 օր տևողությամբ արձակուրդ ուղարկել պաշտպանության նախարարության առնվազն 800 հազար քաղաքացիական աշխատողի: Նրանց սպառնում է աշխատավարձի մինչև 20 տոկոս կրճատում: Չե՞ք կարծում, որ դա ազդեցություն կգործի մեր տնտեսության վրա», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան:
XS
SM
MD
LG