Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է «ֆինանսական ժայռից» անկման դեմ


ԱՄՆ-ի Սենատը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել ամերիկացիների մեծամասնությունն իրենց նկատմամբ կիրառվող հարկադրույքների կտրուկ ավելացումից, ինչպես նաև դաշնային բյուջեի ծախսային մասի կտրուկ կրճատումներից փրկելու մասին օրինագիծը

ԱՄՆ-ի Սենատը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել երկու կուսակցությունների միջև համաձայնությունը, որն ուղղված է փրկելու ամերիկացիների մեծ մասն իրենց նկատմամբ կիրառվող հարկադրույքների կտրուկ ավելացումից, ինչպես նաև դաշնային բյուջեի ծախսային մասի կտրուկ կրճատումներից: Այս միջոցները միասին ստացել են «ֆինանսական ժայռ» անվանումը:

Սենատը երեքշաբթի վաղ առավոտյան ձայների 89՝ կողմ, 8՝ դեմ հարաբերակցությամբ է քվեարկել համաձայնության օգտին այն պահին երբ, տեխնիկապես, Միացյալ Նահանգներն արդեն իսկ նետվել էր «ֆինանսական ժայռից»:

Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը դեռևս պետք է արժանանա ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հավանության: Սպասվում է, որ Ներկայացուցիչների պալատի նիստը, նվիրված նույն հարցի քննարկման, կանցկացվի երեքշաբթի կեսօրին:

Սենատորներն անցկացրել են Ամանորի գիշերը՝ նախապատրաստելով դեմոկրատ և հանրապետական կուսակցություններին պատկանող օրենսդիրներին, ինչպես նաև ԱՄՆ-ի Սպիտակ տան միջև մի քանի ամիս տևած դժվարին բանակցությունների արդյունքը հանդիսացող փաստաթուղթը:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը քվեարկությունից առաջ ժամանել էր Կապիտոլյան բլուր՝ համակուսակցական դեմոկրատների հետ դռնփակ նիստ անցկացնելու նպատակով:

«Շնորհավոր Ամանոր: Ես շատ լավ զգացում ունեմ այն մասին, թե ինչպես կընթանա այս քվեարկությունը», - ասել է փոխնախագահ Բայդենը:

Քվեարկությունից հետո Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելն ասել է, թե իր հանձնախմբին անդամակցող սենատորները քվեարկել են՝ հանրության շահից ելնելով:

Դեռևս անհայտ է, թե արդյոք երկու կուսակցությունների անդամներից կազմված ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը հավանության կարժանացնի այս համաձայնագիրը: Մինչև համաձայնագրին հավանություն չտան Կոնգրեսի երկու պալատները, երկուշաբթի օրը կեսգիշերին ուժի մեջ մտած ֆինանսական խնայողության ռեժիմը՝ «ֆինանսական ճգնաժամը» Միացյալ Նահանգներում օրենքի ուժ կպահպանի:
XS
SM
MD
LG