Մատչելի հղումներ

Տարբեր պետությունների պաշտոնյաների հետ «ունկնդրելու նպատակ հետապնդող» հանդիպումների ընթացքում քննարկվելիք հիմնական առարկան կդառնա Սիրիայում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին երկուշաբթի օրը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի և արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ:

Միացյալ Նահանգների արտգործնախարարն այս պաշտոնում նշանակվելուց առաջին իր միջազգային շրջագայության շրջանակներում հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի առաջնորդների հետ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, տարբեր պետությունների պաշտոնյաների հետ «ունկնդրելու նպատակ հետապնդող» հանդիպումների ընթացքում քննարկվելիք հիմնական առարկան կդառնա Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Սպասվում է նաև, որ արտգործնախարար Քերին միջազգային իր առաջին շրջագայության ընթացքում հանդիպումներ կունենա նաև Սիրիայի ընդդիմության կոալիցիայի ղեկավարության հետ:

Բեռլին կայանալիք իր այցի ընթացքում արտգործնախարար Քերին կհանդիպի Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Վաշինգտոնն ու Մոսկվան պահպանում են Սիրիայում ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ, երկու պետությունների միջև հարաբերություններում վերջերս նաև լարվածություն է ստեղծվել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերի պատճառով:

Փարիզում ԱՄՆ-ի արտգործնախարարը կքննարկի Վաշինգտոնի շարունակվող համագործակցությունը Ֆրանսիայի և այլ պետությունների հետ իսլամիստ զինյալների հարձակումների հետևանքով տուժած Մալիում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Մերձավոր Արևելք կայանալիք այցի ընթացքում Ջոն Քերին հանդիպումներ կունենա Արաբական պետությունների լիգայի պաշտոնյաների հետ և կքննարկի տարածաշրջանում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ համաձայնության գալու ուղիները:

XS
SM
MD
LG