Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հուսով է, որ Ռուսաստանում որդեգրման շուրջ հարցերը հնարավոր կլինի ավարտին հասցնել


«Միացյալ Նահանգները կաշխատի Ռուսաստանի հետ ընթացքի մեջ գտնվող որդեգրման գործերն ավարտին հասցնելու ուղղությամբ՝ ելնելով մարդասիրական նկատառումներից»

Միացյալ Նահանգները «մեծ հույս» է հայտնել, որ Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրման չավարտված գործերը հնարավոր կլինի ավարտին հասցնել ըստ ծրագրվածի՝ չնայած Ռուսաստանում վերջերս նման գործելակերպն արգելող օրենքի ընդունման:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակի համաձայն, Միացյալ Նահանգները կաշխատի Ռուսաստանի հետ ընթացքի մեջ գտնվող որդեգրման գործերն ավարտի հասցնելու ուղղությամբ՝ «ելնելով մարդասիրական նկատառումներից»: Արտգործնախարարության խոսնակի համաձայն, դեռևս պարզ չէ, թե որքան նման գործ կա, և որ այս հարցը պարզելու համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանությունները պետք է համեմատեն իրենց մոտ առկա տեղեկությունները:

Ռուսաստանի իշխանությունները նախօրեին հայտնել են, որ երեխաների որդեգրման շուրջ Միացյալ Նահանգների հետ ստորագրված երկկողմանի համաձայնագիրն ուժի մեգ կմնա մինչև հաջորդ տարվա սկզիբը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ ամսվա վերջին ստորագրել և օրենքի ուժ էր տվել «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումների հետ առնչություն ունեցող անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին» օրենքի նախագծին, որն ավելի հայտնի է որպես «Դիմա Յակովլևի օրենք»:

«Դիմա Յակովլևի օրենքը» շատերի կողմից դիտվում է որպես պատասխան ԱՄՆ-ում ընդունված «Սերգեյ Մագնիտսկու» օրենքին: «Սերգեյ Մագնիտսկու» օրենքով նախատեսվում է մուտքի արտոնագրային և տնտեսական պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտման հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ: Այդ օրենքը կրում է Ռուսաստանի բանտերից մեկում զոհված իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի անունը, որը դարձել է Ռուսաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող խախտումների խորհրդանիշը:

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, «Դիմա Յակովլևի օրենքը» Ռուսաստանի արդարադատության նախարարությանը հնարավորություն է տալիս կամայական եղանակով դադարեցնել հասարակական այն կազմակերպությունների գործունեությունը և սառեցնել վերջիններիս ֆինանսական միջոցները, որոնք, նախարարության կարծիքով, ներգրավված են քաղաքական գործունեության մեջ, ֆինանսավորվում են ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից կամ իրականացնում Ռուսաստանի շահերը վտանգող գործունեություն:
XS
SM
MD
LG