Մատչելի հղումներ

ԱՄՆ. «Էրդողանը հատկապես վիրավորական արտահայտություն է թույլ տվել»


ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին Էրդողանի հայտարարության հետ կապված հարցը նախատեսում է անձամբ բարձրացնել Անկարա ուրբաթ օրն կատարվող այցի ընթացքում

Միացյալ Նահանգներն իր դժգոհությունն է արտահայտել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս շաբաթ սիոնիզմը մարդկության դեմ հանցագործություններին հավասարեցնելու մասին արված արտահայտության կապակցությամբ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, արտգործնախարար Ջոն Քերին նախատեսում է այս հարցը անձամբ բարձրացնել Անկարա ուրբաթ օրն կատարվող այցի ընթացքում:

ԱՄՆ-ի արտգործնախարարության իր անունը նշելուց հրաժարված պաշտոնյայի համաձայն, Էրդողանի հայտարարությունը «հատկապես վիրավորական է և կարող է վնաս հասցնել երկու պետությունների միջև հարաբերություններին»:

Հիշեցնենք, որ Վիեննայում անցկացված ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումի ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասել էր, թե իսլամոֆոբիան պետք է համարվի մարդկության դեմ հանցագործություն, «ինչպես մարդկության դեմ հանցագործություն է համարվում սիոնիզմը, անտիսեմիտիզմը և ֆաշիզմը»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրուկ արձագանք է ներկայացրել այս հայտարարության կապակցությամբ՝ «մութ ու ստահոդ» անվանելով այն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի խոսնակը «ցավալի, վնասակար և բաժանարար» է անվանել Թուրքիայի վարչապետի հայտարարությունը:
XS
SM
MD
LG