Մատչելի հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը մտահոգված է ընդդիմադիրների ձերբակալություններով


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 2013 թ. հունվարի 26-ին անցկացված բողոքի ցույցի մասնակցի ձերբակալություն (արխիվային լուսանկար)

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 2013 թ. հունվարի 26-ին անցկացված բողոքի ցույցի մասնակցի ձերբակալություն (արխիվային լուսանկար)

Ընդդիմության ձերբակալված գործիչները քաղաքական են գնահատում իրենց դեմ ներկայացված մեղադրանքները

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունը մտահոգություն է արտահայտել ընդդիմության երկու գործիչների ձերբակալության կապակցությամբ և հորդորել նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանն իրականացնել ազնիվ և թափանցիկ հետաքննություն:

Ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամադովը, որը նախատեսում է իր թեկնածությունը դնել այս տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, և ընդդիմադիր հիմնական «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիք Հաղուբլին ձերբակալվել էին փետրվարի 4-ին՝ Իսմայիլի քաղաքում անցյալ ամիս տեղի ունեցած խռովությունները հրահրելու մեղադրանքով:

«Բլումբերգ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ձերբակալված ընդդիմադիր գործիչները երկու ամիս կմնան նախնական կալանքի մեջ՝ մինչև դատավարության անցկացումը:

«Հորդորում ենք Ադրբեջանի կառավարությանը հետևել օրենքի պատշաճ գործընթացին և ապահովել իրավական գործընթացի թափանցիկությունն ու արդարությունը», - ասված է ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հայտարարության մեջ: - «Կոչ ենք անում օրինական բողոքները քննարկելու նպատակով Ադրբեջանի կառավարության և քաղաքացիների միջև անցկացնել իմաստալից երկխոսություն և հորդորում ենք իշխանություններին հարգել քաղաքացիների հավաքի և արտահայտման ազատությունը»:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից դեպի հյուսիս-արևելք 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իսմայիլի քաղաքում անցյալ ամսվա կեսերին երկու օրվա ընթացքում տեղի ունեցած խռովությունների ժամանակ կրակի էր մատնվել Ալիևի կառավարության նախարարներից մեկի որդուն պատկանող հյուրանոցն ու շքեղ ավտոմեքենան և վնասվածքներ հասցվել տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի առանձնատանը:

Քաղաքում խռովությունները հրահրելու մեջ Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են «ապակառուցողական ուժերին», այդ թվում՝ Մամադովին և Յաղուբլիին: Վերջիններս որպես քաղաքական են գնահատում իրենց դեմ ներկայացված մեղադրանքները:

XS
SM
MD
LG