Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Ղանդահարում բանակցություններ է անցկացրել


ԱՄՆ-ի Սպիտակ տունը հուսով է, որ շուտով հնարավոր կդառնա որոշում կայացնել Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո այս երկրում Միացյալ Նահանգների զինված ուժերի կառուցվածքի մասին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան ժամանել է Աֆղանստանի Ղանդահար քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել զինված ուժերի հրամանատարության և զինծառայողների հետ:

Պաշտպանության նախարար Պանետան բանակցություններ է անցկացնում Հարավային տարածաշրջանային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Ռոբերտ Էբրամսի հետ:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Պանետան Աֆղանստան է ժամանել չորեքշաբթի օրը: Սպասվում է, որ այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում կունենա նաև երկրի նախագահ Համիդ Քարզայի հետ:

Աֆղանստան ժամանելուց առաջ Լեոն Պանետան հայտնել է լրագրողներին, թե ԱՄՆ-ի Սպիտակ տունը հուսով է, որ շուտով հնարավոր կդառնա որոշում կայացնել Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո այս երկրում Միացյալ Նահանգների զինված ուժերի կառուցվածքի մասին:

Աֆղանստանում դեռևս տեղակայված է Միացյալ Նահանգների մոտ 68 հազար զինծառայող: Զինված ուժերի հրամանատարությունը կոչ է արել Աֆղանստանում թողնել մոտ 15 հազար զինծառայող, սակայն ԱՄՆ-ի այլ պաշտոնյաներ պնդում են, որ այս երկրում Միացյալ Նահանգների զորախումբը պետք է ավելի փոքր լինի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը շաբաթվա սկզբին չհայտարարված այց է կատարել Միացյալ Նահանգների դաշնակից Քուվեյթ:

Պաշտպանության նախարար Պանետան երեքշաբթի օրը Քուվեյթ ժամանելուց առաջ ասել էր, թե այս երկրում և Պարսից ծոցի ամբողջ տարածքում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը նպաստում է «ագրեսիան հետ պահելուն», ինչպես նաև ԱՄՆ-ի գործընկերների կարողությունների ամրապնդման:

Քուվեյթում ծառայություն է անցնում Միացյալ Նահանգների 13,5 հազար զինծառայող, որոնք, ըստ Պանետայի, «հզոր և ճկուն ներկայության» մաս են կազմում:

«Եթե նայեք տարածաշրջանին ամբողջությամբ, ապա այստեղ տեղակայված է մեր մոտ 50 հազար զինծառայող», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը՝ հավելելով. «Մենք ըստ էության այն դիրքում ենք, որը թուլ է տալիս արձագանքել տարածաշրջանում անսպասելի ցանկացած իրավիճակի, և այս գործում Քուվեյթն առանցքային դեր ունի»:
XS
SM
MD
LG