Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև և խաղաղ լուծման»


«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և տարածաշրջանում կայունություն, բարեկեցություն և հաշտեցում կարող է հաստատվել միմիայն հարատև և խաղաղ կարգավորման միջոցով»

ԱՄՆ-ի Սպիտակ տունն արձագանքել է իր կայքում Ղարաբաղյան հակամարտության և Խոջալուի ողբերգության մասին ադրբեջանական կողմի նախաձեռնած ստորագրահավաքին:

Հիշեցնենք, որ ստորագրահավաքին արձագանքել էր ավելի քան 100 հազար մարդ:

ԱՄՆ-ի Սպիտակ տունն իր կայքում հրապարակված պաշտոնական պատասխանում ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ընթացքում զոհվածների համար:

«Քանի որ ԱՄՆ-ի նախագահի հատուկ հայտարարություն չի հրապարակվի, Միացյալ Նահանգները խորապես ցավում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի ընթացքում մարդկանց ողբերգական մահվան համար», - ասված է հայտարարության մեջ:

«Դա հիշեցնում է բոլորիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և որ տարածաշրջանում կայունություն, բարեկեցություն և հաշտեցում կարող է հաստատվել միմիայն հարատև և խաղաղ կարգավորման միջոցով: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ուղղությամբ բոլոր կողմերի հետ աշխատելուն», - եզրափակում է ստորագրահավաքին ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի կողմից հրապարակված հայտարարությունը:

Հիշեցնենք, որ այս խնդրին վերաբերող նման արձագանքով ավելի վաղ հանդես էր եկել ԱՄՆ-ի արտգործնախարարությունը:

Անդրադառնալով Խոջալուի ողբերգությանը վերաբերող հարցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդն ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում կյանքի ողբալի կորուստը հիշեցնում է բոլորին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

«Տարածաշրջանում կայունություն, բարեկեցություն և հաշտեցում կարող է հաստատվել միմիայն հարատև և խաղաղ կարգավորման միջոցով: Որպես Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ ենք մնում այդ ուղղությամբ կողմերի հետ աշխատելուն»,- նշել էր ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:
XS
SM
MD
LG