Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեղադրանքներ է ներկայացրել


ՀԴԲ-ի կենտրոնական գրասենյակը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում (արխիվային լուսանկար)

ՀԴԲ-ի կենտրոնական գրասենյակը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում (արխիվային լուսանկար)

Օտարերկրյա պետություններում գտնվող ամերիկացիների վրա հարձակումների իրականացման ծրագրման մեղադրանքներ են ներկայացվել մի խումբ անձանց

Միացյալ Նահանգների իշխանությունները մեղադրանքներ են ներկայացրել չորս անձանց, որոնք նախատեսում էին «ալ-Քաիդա»-ի և թալիբների հետ համատեղ ծրագրել և իրականացնել հարձակումներ օտարերկրյա պետություններում գտնվող ամերիկացիների դեմ:

ԱՄՆ-ի ՀԴԲ-ը երկուշաբթի ուշ երեկոյան հայտնել է, թե խումբը նախատեսում էր դիմել «բռնի ջիհադի»՝ իրականացնելով Միացյալ Նահանգների ռազմակայանների և պետական այլ շենքերի ռմբակոծություններ:

ՀԴԲ-ի համաձայն, Միացյալ Նահանգների քաղաքացիություն ընդունած աֆղանստանցի Սոհիել Օմար Քաբիրը 2010 թվականին ծանոթացրել էր երկու այլ անձանց մահմեդական ծայրահեղական հոգևորական Անվար ալ-Ավլաքիի ուսմունքի հետ: Հիշեցնենք, որ մահմեդական ծայրահեղական հոգևորական Անվար ալ-Ավլաքին ոչնչացվել է անցյալ տարի Եմենում՝ անօդաչու օդանավի միջոցով իրականացված հարձակման արդյունքում:

Ավելի ուշ խումբն իր շարքերն է ընդունել չորրորդ մասնակցի, որից հետո Քաբիրն ուղևորվել էր Աֆղանստան, որտեղ նախատեսում էր հանդիպումներ կազմակերպել ահաբեկիչների հետ:

Սոհիել Օմար Քաբիրը ձերբակալվել և պահվում է Աֆղանստանում: Խմբի երեք այլ մասնակիցներ, որոնց թվում են ԱՄՆ-ի մեկ քաղաքացի, ինչպես նաև Մեքսիկայում և Ֆիլիպիններում ծնված ԱՄՆ-ի մշտաբնակներ, գտնվում են Կալիֆորնիա նահանգում՝ դաշնային կառավարությանը պատկանող մեկուսարանում:

Մեղավոր ճանաչվելու դեպքում մեղադրյալներից յուրաքանչյուրը կարող է դատապարտվել 15 տարվա ազատազրկման:

XS
SM
MD
LG