Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ցանկանում է ընդլայնել մուտքը դեպի Ավստրալիայի ռազմակայաններ


Ավստրալիայում մեկնարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդմանը նվիրված՝ նախարարների մակարդակով անցկացվող գագաթաժողովը

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրը Ավստրալիայի Պերտ քաղաքում հանդիպումներ կանցկացնի այս երկրի վարչապետ Ջուլիա Գիլարդի հետ : Սպասվում է, որ քննարկումների հիմնական թեմաներից կլինի դեպի Ավստրալիայի արևմուտքում գտնվող ռազմակայաններ Միացյալ Նահանգների զինծառայողներին մուտքի տրամադրումը:

Նախարարների մակարդակով անցկացվող այս հանդիպումների ընթացքում ռազմական համագործակցության ամրապնդման հարցերի քննարկմանը գերակշռող ուշադրություն կհատկացվի: Կողմերը, մասնավորապես, քննարկելու են դեպի Արևմտյան Ավստրալիա նահանգի մայրաքաղաք Պերտի մոտակայքում գտնվող «Ստիրլինգ» ռազմածովային ուժերի կայան ամերիկյան ռազմանավերի մուտքի հնարավորությունը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընի Ավստրալիա կատարվող հայցը, որի ընթացքում ինքը բանակցություններ կվարի երկրի վարչապետ Գիլարդի հետ, համընկել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետայի այս երկիր կատարվող այցի հետ: Միացյալ Նահանգների պաշտոնյաների այս այցերը նախորդել են չորեքշաբթի օրը մեկնարկող քննարկումներին, որոնք կանցկացվեն ընդլայնված կազմով:

Ավստրալիայի և Միացյալ Նահանգների միջև նախարարների մակարդակով անցկացվող ամենամյա քննարկումներում սովորաբար մասնակցում են երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավստրալիան նախատեսում է 5,5 միլիարդ դոլարով կրճատել իր ռազմական բյուջեն, սակայն, ըստ փորձագետների, նման կրճատումն ազդեցություն չի գործի ռազմական ոլորտում կատարվող իր ծախսերը նույնպես վերանայող ԱՄՆ-ի հետ բազմամյա համագործակցության վրա:

Սիդնեյի համալսարանի ԱՄՆ-ի հետազոտության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Բեյթս Գիլի համաձայն, չնայած միջոցների խիստ տնտեսման անհրաժեշտության, Միացյալ Նահանգները պահպանում է Չինաստանի նկատմամբ իր ունեցած ռազմական առավելությունը:

«Չնայած որոշ ծախսերի կրճատման՝ ամերիկյան բանակը աշխարհի ամենահզոր ռազմական կազմակերպությունն է մնում: Չինաստանի բանակը հնարավոր չէ համեմատել ամերիկյան բանակի հետ՝ ենթակառուցվածքի զարգացվածության, լուծվող խնդիրների, քաղաքական և ռազմական այն ուժի առումով, որն ԱՄՆ-ը շարունակաբար կուտակել է ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վերջին վեցից յոթ տասնամյակների ընթացքում», - ասել է պրոֆեսոր Գիլը:

ԱՄՆ-ի և Ավստրալիայի միջև ռազմական հարաբերություններն ունեն 60 տարվա պատմություն, և Ավստրալիայի բազմաթիվ կառավարություններ բազմիցս նշել են, որ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունն ընկած է Ավստրալիայի ազգային անվտանգության հիմքում:

XS
SM
MD
LG