Մատչելի հղումներ

«Կոչ ենք անում ապահովել Հայաստանում ընտրությունների ազատ և արդար անցկացումը»


Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձին անդրադարձել է ԱՄՆ-ի արտգործնախարարությունը

Հայաստանում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձին անդրադարձել է Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը:

Արտգործնախարարությունում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդին հարց է ուղղել այն մասին, թե ԱՄՆ-ի արտգործնախարարությունն ինչ արձագանք կարող է տալ տեղի ունեցածին, ինչպես նաև ընդհանուր առմամբ մեկնաբանություն ներկայացնել փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը պատասխանել է՝ դատապարտելով Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված ոճրագործությունը:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Պարույր Հայրիկյանի վիճակն անհայտ ոճրագործի կողմից իր ուղղությամբ արձակված կրակոցից հետո կայուն է, և որ Հայաստանի ոստիկանությունը խոստացել է մանրամասն հետաքննություն անցկացնել այս գործով», - ասել է արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով. «Տեղյակ ենք նաև, որ կան որոշ հաղորդագրություններ այն մասին, որ եթե նա չկարողանա քարոզարշավ անցկացնել, ապա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների անցկացումը կարող է հետաձգվել՝ սահմանադրության համապատասխան դրույթի համաձայն»

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կարգավորել այս խնդիրը սահմանադրության համաձայն՝ այն եղանակով, որ ապահովի ընտրությունների առաջընթացն ազատ և արդար եղանակով և պաշտպանի բոլոր թեկնածուների իրավունքները», - եզրափակել է Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը՝ պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին:

XS
SM
MD
LG