Մատչելի հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան. «ԱՄՆ-ի Սպիտակ տան հայտարարությունն ըստ էության ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունն է»


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգստար (արխիվային լուսանկար)

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգստար (արխիվային լուսանկար)

«ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարությունն ըստ էության Միացյալ Նահանգների նախագահի կողմից արված հայտարարություն է»:

Այս մասին, ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգստարը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում հրապարակված ստորագրահավաքներին տրված պատասխանը:

Միացյալ Նահանգների դեսպանը նշել է, որ հայտարարությունից ինքնըստինքյան բխում է, որ խաղաղ բնակիչների որևէ սպանություն անընդունելի է:

ԱՄՆ-ի Սպիտակ տունն ավելի վաղ արձագանքել է իր կայքում Ղարաբաղյան հակամարտության և Խոջալուի ողբերգության մասին ադրբեջանական կողմի նախաձեռնած ստորագրահավաքին, որի տակ իրենց անունն է դրել ավելի քան 100 հազար մարդ:

ԱՄՆ-ի Սպիտակ տունն իր կայքում հրապարակված պաշտոնական պատասխանում ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ընթացքում զոհվածների համար:

«Քանի որ ԱՄՆ-ի նախագահի հատուկ հայտարարություն չի հրապարակվի, Միացյալ Նահանգները խորապես ցավում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի ընթացքում մարդկանց ողբերգական մահվան համար», - ասված է հայտարարության մեջ:

«Դա հիշեցնում է բոլորիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և որ տարածաշրջանում կայունություն, բարեկեցություն և հաշտեցում կարող է հաստատվել միմիայն հարատև և խաղաղ կարգավորման միջոցով: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ուղղությամբ բոլոր կողմերի հետ աշխատելուն», - եզրափակում է ստորագրահավաքին ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի կողմից հրապարակված հայտարարությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին վերաբերող նման արձագանքով ավելի վաղ հանդես էր եկել ԱՄՆ-ի արտգործնախարարությունը:
XS
SM
MD
LG