Մատչելի հղումներ

Կոսովոյի նախկին վարչապետն անմեղ է ճանաչվել


Կոսովայի նախկին վարչապետ, Կոսովոյի ազատագրման բանակի նախկին հրամանատար Ռամուշ Հարդինաջ
Կոսովայի նախկին վարչապետ, Կոսովոյի ազատագրման բանակի նախկին հրամանատար Ռամուշ Հարդինաջ

Այս դատավարությունը ՄԱԿ-ի պատերազմական հանցագործությունների միջազգային դատարանի կողմից դատական գործի վերանայման առաջին դեպքն է

ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների միջազգային դատարանը հանել է Կոսովայի նախկին վարչապետ Ռամուշ Հարդինաջի և նրա երկու օգնականների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու մասին ներկայացված մեղադրանքները:

Մեղադրող կողմի համաձայն, Կոսովոյում 1990-ականների վերջին տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում մեղադրյալներն անդամակցել էին մի խմբավորման, որը առևանգել և խոշտանգումների էր ենթարկել խաղաղ 16 բնակչի՝ հետագայում սպանելով նրանցից ութին:

Հարադինաջը Կոսովոյի ազատագրման բանակի նախկին հրամանատարն է, որը, ըստ մեղադրող կողմի, ծրագրել էր վերահսկողություն հաստատել Կոսովոյի արևմտյան շրջանների նկատմամբ՝ ազատելով այդ տարածքը նման ծրագրերի դեմ հանդես եկող բոլոր սերբերից, գնչուներից և քաղաքացիական այլ անձանցից:

Հաագայում գտնվող ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների դատարանը հինգշաբթի օրը հանել է Հարադինաջին, Իդրիզ Բալաջին և Լահի Բրահիմաջին ներկայացված մեղադրանքները և կարգադրել անհապաղ ազատ արձակել վերջիններիս: Դատավճիռը հնարավորություն է տալիս Հարադինաջին վերադառնալ Կոսովոյի քաղաքականություն, որտեղ 2005 թվականին վարչապետի պաշտոնը 100 օր զբաղեցնելուց հետո ստիպված է եղել թողնել պաշտոնը:

Կոսովոյի ալբանացիները ազգային հերոս են համարում Հարադինաջին:

ՄԱԿ-ի դատարանի կողմից նման դատավճիռ կայացնելու հանագամանքը կարող է դժվարացնել Կոսովոյի և Սերբիայի միջև վարվող բանակցությունները: Կոսովոն, որը 2008 թվականին անկախություն է հռչակել Սերբիայից, արդեն որպես անկախ պետություն է ճանաչվել մոտ 90 երկրների կողմից: Սերբիան պնդում է, որ Կոսովոն մնում է իր նահանգներից մեկը:

Այս դատավարությունը դարձել է ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների միջազգային դատարանի կողմից վերանայված առաջին գործը: Հարադինաջն ու Բալաջը անմեղ են ճանաչվել 2008 թվականին կայացած դատավարության ընթացքում, սակայն Բրահիմաջը դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման: Հաագայի բողոքարկման պալատը կարգադրել է կրկին լսումներ անցկացնել այս երեք անձանց գործով՝ նշելով, որ առաջին դատավարության ընթացքում տեղի են գտել վկաների ահաբեկման բազմաթիվ դեպքեր:
XS
SM
MD
LG