Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի համաձայն, փախստականների թիվը շարունակելու է աճել այնքան ժամանակ, մինչև երկրում շարունակվող ճգնաժամին չտրվի քաղաքական լուծում

ՄԱԿ-ի համաձայն, Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով փախստական դարձած մարդկանց թիվը հասել է մեկ միլիոնի:

Միավորված ազգերի կազմակերպությունը «ողբերգական» է անվանել այս ցուցանիշը՝ կանխատեսելով, որ այս թիվը շարունակելու է աճել այնքան ժամանակ, մինչև երկրում շարունակվող ճգնաժամին չտրվի քաղաքական լուծում:

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը զգուշացրել է, որ Սիրիան կանգնած է հումանիտար լայնածավալ ողբերգության եզրին, և որ Սիրիայից փախուստի դիմող հազարավոր մարդիկ, հիմնականում կանայք և երեխաները, հարևան պետություններ են անցնում՝ դիմակայելով զարհուրելի պայմանների:

ՄԱԿ ՓԳՀ-ի խոսնակ Սիբելա Ուիլքսի համաձայն, Սիրիայի հարևանությամբ գտնվող երկրներ փախստականները շարունակելու են ժամանել, քանի որ նրանք հասկանում են, որ այլընտրանք չունեն:

Ուիլքսի համաձայն, Սիրիայի հարևան պետությունների վրա փախստականների զանգվածային հոսքն ուժգին ներգործություն ունի:

«Լիբանանի բնակչությունն աճել է առնվազն տասը տոկոսով: Հորդանանում էլեկտրաէներգիայի, ջրի պաշարները և կրթական ու առողջապահական հաստատությունների կարողությունները գտնվում են սպառման եզրին: Թուրքիայի կառավարության համաձայն, մինչ օրս նրանք ծախսել են ավելի քան 600 միլիոն դոլար՝ փախստականների 17 ճամբար հիմնադրելու վրա: Նույնիսկ Իրաքը, որը դեռևս վերականգնվում է այնտեղ տեղի ունեցած հակամարտությունից, վերջին տարվա ընթացքում ընդունել է ավելի քան 100 հազար փախստական», - ասել է ՄԱԿ ՓԳՀ-ի խոսնակը:

Ուիլքսի համաձայն, Սիրիայից փախստականների հոսքը չի դադարելու, քանի դեռ չկա ճգնաժամը դադարեցնելու համար անհրաժեշտ քաղաքական լուծում: Նրա համաձայն, օգնություն է անհրաժեշտ տրամադրել ինչպես փախստականներին, այնպես էլ փախստականներին ընդունող պետություններին:
XS
SM
MD
LG