Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը պահանջել է հետաքննություն անցկացնել Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների վիճակի շուրջ


«Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը նմանը չունի աշխարհի որևէ պետությունում»

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը պահանջել է միջազգային հետաքննություն անցկացնել Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների շուրջ:

Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ «ողորմելի» անվանելով Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը:

Նավի Փիլեյն ասել է նաև, որ Քիմ Ջոնգ Ունի կողմից երկրի գերագույն ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո մեկ տարի անց մարդու իրավունքների ոլորտում բարելավման որևէ նշան դեռևս չի նկատվում:

Փիլեյն ասել է, որ աշխարհի պետությունները կենտրոնացած են Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող միջուկային ծրագրի և հրթիռների արձակման վրա, որոնք սակայն չպետք է հետին պլան մղեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, քանի որ այն «այս կամ այն կերպ ազդեցություն է գործում երկրի ամբողջ բնակչության վրա և նմանը չունի աշխարհի որևէ պետությունում»:

Հյուսիսային Կորեայում գործում է քաղաքական բանտարկյալների համար նախատեսված գաղութների համակարգը, որտեղ, տարբեր գնահատականների համաձայն, ազատազրկման մեջ է գտնվում ավելի քան 200 հազար մարդ: Այս երկրից փախուստի դիմած անձանց համաձայն, աշխատանքային ճամբարներում կատարվում են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ներառյալ բռնաբարություններ, կտտանքներ, մահապատիժներ և ստրկատիրական աշխատանք:

XS
SM
MD
LG