Մատչելի հղումներ

Ուկրաինայի խորհրդարանը վերընտրել է վարչապետին, նոր խոսնակ է ընտրել


Այս ամենը երկրի խորհրդարանին հաջողվել է՝ չնայած իշխող կուսակցության և ընդդիմության կողմնակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի

Ուկրաինայի նորընտիր խորհրդարանը հաստատել է Միկոլա Ազարովին երկրի վարչապետի պաշտոնում վերընտրելու նախագահի կողմից արված առաջարկությունը և ընտրել նոր խոսնակ: Այս ամենը երկրի խորհրդարանին հաջողվել է՝ չնայած իշխող կուսակցության և ընդդիմության կողմնակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի:

Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի մոտ դաշնակից Ազարովին վերընտրելու օգտին հինգշաբթի օրն իրենց ձայնն է տվել Ուկրաինայի 450 տեղ ունեցող խորհրդարանի 252 պատգամավոր: Ազարովը Ուկրաինայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականի մարտից:

Ընդդիմության օրենսդիրները հինգշաբթի ավելի վաղ ծեծկռտուք էին սկսել կառավարության կողմնակից «Տարածաշրջանների կուսակցության» օրենսդիրների հետ՝ փորձելով կանխել Ուկրաինայի խորհրդարանի խոսնակի թեկնածության շուրջ կայանալիք քվեարկությունը:

Չնայած ընդդիմության օրենսդիրների կողմից գործադրված ջանքերի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում է նշանակվել Վոլոդիմիր Ռիբակը:

Ուկրաինայի ընդդիմության կազմի մեջ են մտնում նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին հավատարիմ օրենսդիրները, ծայրահեղ աջակողմյա «Սվոբոդա» կուսակցությունը, ինչպես նաև բոքսի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի գլխավորած մի խումբ ազատական օրենսդիրներ:

Արևմուտքի պետությունների դիտորդները խիստ քննադատության էին ենթարկել Ուկրաինայում այս տարվա հոկտեմբերին անցկացված ընտրությունները՝ «անարդար» որակելով դրանք այն պատճառով, որ երկրի նախագահ Յանուկովիչի գլխավորած կուսակցության հիմնական մրցակից Յուլիա Տիմոշենկոն և ընդդիմության այլ գործիչներ ընտրությունների անցկացման ընթացքում ազատազրկման մեջ էին և չէին կարող մասնակցել ընտրություններին:

Դիտորդները, բացի այդ, մտահոգություն էին արտահայտել քվեների հաշվառման գործընթացի ժամանակ «թափանցիկության բացակայության» հանգամանքի կապակցությամբ:

XS
SM
MD
LG