Մատչելի հղումներ

Թուրքիայի կառավարությունը բանակցում է քուրդ ապստամբների առաջնորդի հետ


Հարցականի տակ է մնում այն հանգամանքը, թե արդյոք Թուրքիայի կառավարությունը պատրաստ է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ՝ համոզելու համար քուրդ ապստամբներին հրաժարվել իրենց պայքարից

Թուրքիայի կառավարությունը բանակցություններ է վարում քուրդ ապստամբների բանտարկության մեջ գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Հարցականի տակ է սակայն մնում այն հանգամանքը, թե արդյոք Թուրքիայի կառավարությունը պատրաստ է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ՝ համոզելու համար քուրդ ապստամբներին հրաժարվել իրենց պայքարից այն ժամանակ, երբ ամբողջ տարածաշրջանում վերելք է ապրում քրդերի այզգայնականությունը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդեղանի ավագ խորհրդական Յալչին Աքդողանը հաստատել հետախուզական ծառայությունների կողմից «Քրդստանի աշխատովարոկան կուսակցության» բանտարկված առաջնորդ Օջալանի հետ բանակցություններ մեկնարկելու փաստը:

«Նպատակը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինաթափումն է», - ասել է Աքդեղանը՝ հավելելով. «Անհնար է հաղթանակ տանել զինված պայքարի միջոցով: Պետք է օգտագործել մարտավարության այլ եղանակներ, և բանակցությունները դրանցից մեկն է»:

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» 1984 թվականից պայքար է մղում Թուրքիայի պետության դեմ, և այս հակամարտության զոհ արդեն գնացել է մոտ 40 հազար մարդ: Էրդողանի ավագ խորհրդատու Աքդեղանը հույս է հայտնել, որ քուրդ ապստամբները զինված պայքարից կհրաժարվեն այս տարվա գարնանը, իսկ իրենց առաջնորդները կհամաձայնվեն արտաքսման:

Փորձագետները սակայն կասկածի տակ են առնում նման նպատակին հասնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու Թուրքիայի կառավարության պատրաստակամությունը: Նրանք զգուշացնում են, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» բոլորովին պատրաստ չէ հրաժարվել զինված պայքարից, և անցյալ տարի իրականացված բռնությունները հասել էին հակամարտության ամենաթեժ ժամանակների՝ 1990-ականների մակարդակին:

Հարցական է մնում նաև այն ազդեցությունը, որն ունի մեկ տասնամյակից ավելի իր աջակիցներից կտրված՝ Իմրալի կղզու վրա բանտարկության մեջ գտնվող Օջալանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամների վրա: Քաղաքականության ոլորտի փորձագետներն այնուամենայնիվ հիշեցնում են, որ Օջալանի հեղինակությունն ամրապնդվել էր անցյալ տարի, երբ Թուրքիայի կառավարությունը դիմել է իր օգնության՝ բանտարկության մեջ գտնվող քուրդ ապստամբների երկարաժամկետ հացադուլին վերջ տալու հարցում:

Օջալանի և Թուրքիայի կառավարության միջև վերջին բանակցությունները ձախողվել էին երկու տարի առաջ, որից հետո նկատվել էր մինչ օրս շարունակվող բռնությունների սաստկացում: Փորձագետների համաձայն, Թուրքիայի համար, որտեղ 2014 թվականին կկայանան նախագահական, իսկ 2015-ին՝ համընդհանուր ընտրություններ, երկարաժամկետում առավել բարենպաստ կլինի քրդերի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

XS
SM
MD
LG