Մատչելի հղումներ

Թուրքիան օգնում է Իրանին՝ ոսկու առևտրի միջոցով


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպումը Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, 2011թ. մայիսի 9:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպումը Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, 2011թ. մայիսի 9:

Թուրքիան շարունակում է բավարարել Իրանի կողմից ոսկու նկատմամբ գոյացած պահանջարկի հիմնական մասը

«Թուրքիայի բանկերը շարունակում են ոսկի ուղարկել Իրան՝ չնայած Միացյալ Նահանգների կողմից գործադրվող ճնշման, որն ուղղված է Իրանի կողմից միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպաստող «ոսկի բնական գազի դիմաց» առևտուրը վերջ տալուն»:

Այս մասին գրում է Թուրքիայում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսը , որն իր հոդվածում մեջ է բերում Ստամբուլից գործունեություն իրականացնող «Գլոբալ Սորս Փարթներզ» հետազոտական ընկերության ներկայացուցիչ Աթիլա Եսիլադայի խոսքերը: Վերջինիս համաձայն, Թուրքիան շարունակում է բավարարել Իրանի կողմից ոսկու նկատմամբ գոյացած պահանջարկի հիմնական մասը:

«Դեպի Իրան ոսկու առևտուրը դիվերսիկացված է Շվեյցարիայի և Աբու Դաբիի միջոցով, սակայն անցյալ տարվա ընթացքում այն կազմել է մոտ 11 միլիարդ դոլար՝ հիմնականում ֆինանսավորվելով Թուրքիայի ոսկու ազգային պաշարի միջոցով: Ոսկին դարձել է Իրանի հիմնական արժույթը՝ արտերկրից անհրաժեշտ ապրանքների գնումն ապահովելու առումով», - ասել է Եսիլադան:

Հեղինակը հիշեցնում է, որ անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հաստատել էր, որ Իրանը ոսկի գնելու համար վճարում է Թուրքիա առաքվող բնական գազի դիմած թուրքական լիրայով ստացվող գումարներից: Իրանը երկրում արդյունահանվող գազի 90 տոկոսն արտահանում է Թուրքիա՝ այսպիսով Ռուսաստանից հետո լինելով Թուրքիա բնական գազի ամենախոշոր երկրորդ մատակարարը:

Դեպի Իրան ոսկու հոսքը դադարեցնելու նպատակով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս ամիս իր ստորագրությամբ օրենքի ուժ է հաղորդել Իրանին թանկարժեք մետաղներ ծախելը: Թուրքիան սակայն պնդում է, թե իրավական այս միջոցն իր համար պարտադիր ուժ չունի:

«Թուրքիան իր համար պարտավորեցնող է համարում միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ [ՄԱԿ-ի կանոնադրության] յոթերորդ գլխի պահանջների ներքո ընդունված բանաձևերը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուք Ունալը:

Վերլուծաբան Եսիլադայի համաձայն, Անկարան այնուամենայնիվ կկատարի այս պահանջը:

«Միացյալ Նահանգները նախ կփորձի համոզել Թուրքիային միակողմանի դադարեցնել նման գործողությունները: Եթե նման փորձերն ազդեցություն չունենան, ապա կնկատվի ճնշման ավելացում նրանց նկատմամբ, ովքեր որևէ կերպով միջնորդում են այս առևտրին», - ասել է Եսիլադան:

«Իրանի դեմ, ըստ էության, լրացուցիչ պատժամիջոցներ կընդունվեն, և սպասվում է, որ Իրանից էներգակիրների ներմուծման առումով կախվածության նվազեցմանն ուղղված ճնշումը Թուրքիայի նկատմամբ միայն կավելանա: Վերլուծաբանների կարծիքով, այս գործընթացը կարող է արագանալ, քանի որ Թեհրանի ու Անկարայի միջև տարաձայնությունները, մանավանդ Սիրիայի հարցի շուրջ, գնալով ավելանում են», - եզրափակում է հոդվածը Դորիան Ջոնսը:
XS
SM
MD
LG