Մատչելի հղումներ

Ընկերության համաձայն, անսարքությունների վերացման համար պահանջվում է մեկ ժամից պակաս ժամանակ

«Տոյոտա» ընկերությունն ամբողջ աշխարհում հետ է կանչում ավելի 2,7 միլիոն մեքենա՝ վերջիններում ղեկի և ջրի պոմպի հայտնաբերված անսարքությունների պատճառով:

Այս հետկանչը դարձել է աշխարհի ամենախոշոր ավտոարտադրողի կողմից վերջին ամիսների ընթացքում հայտարարված խոշոր արդեն երկրորդ հետկանչը:

Ճապոնական ընկերությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ հայտնաբերված անսարքությունների պատճառով որևէ վթար չի գրանցվել: Ընկերության համաձայն, անսարքությունների վերացման համար պահանջվում է մեկ ժամից պակաս ժամանակ:

Անսարքությունը հայտնաբերվել է ընկերության կողմից արտադրվող 14 մոդելներում, ներառյալ մեծ ժողովրդականություն վայելող «Փրիուս» երկրորդ սերնդի հիբրիդային մոդելում: Տեխնիկական խնդիրներ կարող են ունենալ նաև 2000-ից 2011 թվականներին արտադրված «Կորոլա», «Ուիշ» և մի շարք այլ մոդելներ:

Հայտարարված անսարքություններն ունեցող մոտ 1,5 միլիոն մեքենա վաճառվել էին Ճապոնիայում, մնացած քանակությունը սփռված է աշխարհով մեկ, ներառյալ Միացյալ Նահանգները, որտեղ վաճառվել է նման 670 հազար մեքենա, և եվրոպական պետությունները, որտեղ հետկանչի ենթակա մեքենաների թիվը կազմում է 496 հազար:

Անցյալ ամիս «Տոյոտա» ընկերությունը հետ է կանչել 7,4 միլիոն մեքենա՝ պատուհանի կառավարման սարքավորման մեջ հայտնաբերված անսարքությամբ հրդեհի վտանգի առաջացման պատճառով:

Ընկերության կողմից արտադրվող մեքենաների որակի համբավին ծանր հարված էր հասցվել 2009-ից 2011 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ որոշ մոդելներ գրանցել էին արագության ինքնաբերաբար ավելացում:
XS
SM
MD
LG