Մատչելի հղումներ

Սիրիայի ապստամբներն Իրանի գերեվարված քաղաքացիների են ազատ արձակել


Կառավարության կողմից ազատ արձակվածների թվում կային Թուրքիայի և այլ պետությունների քաղաքացիներ

Սիրիայի ապստամբները կառավարության հետ գերիների փոխանակման արդյունքում ազատ են արձակել Իրանի 48 քաղաքացի: Կառավարական մարմիններն իրենց հերթին ազատ են արձակել ավելի քան 2 հազար բանտարկյալ:

Փոխանակման համակարգման գործին աջակցություն ցուցաբերած՝ մարդասիրական օգնության ոլորտում գործող թուրքական «IHH» կազմակերպության համաձայն, Սիրիայի կառավարության կողմից ազատ արձակվածների թվում կային Թուրքիայի և այլ պետությունների քաղաքացիներ:

Սիրիայի ապստամբները գերել էին Իրանի քաղաքացիներին անցյալ տարվա օգոստոսին՝ մեղադրելով վերջիններիս հետախուզական առաքելություն իրականացնող Իրանի հեղափոխական պահակազորի անդամ լինելու մեջ:

Տարածաշրջանում Սիրիայի կառավարության ամենամեծ դաշնակից Իրանը սակայն հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ գերեվարված իրանցիները ուխտագնացություն էին կատարում:

Այս ընթացքում Ռուսաստանի լրատվամիջոցները հայտնել են, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտոնյաներն ուրբաթ օրը Ժնևում հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի հետ:

XS
SM
MD
LG