Մատչելի հղումներ

«Հայաստանի իշխանությունները փորձում են գտնել սիրիահայերին օգնելու միջոցներ»


«Քրիստոնյա հայերը Սիրիայում պատերազմի ժամանակ կրկին հայտնվել են մահմեդական գործակցի ողորմությանը թողնված վիճակում»

Սիրիայում չդադարող հակամարտության և սիրիահայերի դրությանն այսօր անդրադարձել է «Յու-Էս-Էյ Թդեյ» ամերիկյան պարբերականը, որտեղ հրապարակվել է «Հայաստանի իշխանությունները փորձում են օգնել Սիրիան լքող քրիստոնյա հայերին» խորագրով հոդվածը:

«Հալեպում կենտրոնացած է սիրիահայերի ավելի քան 80 տոկոսը», - նշված է հոդվածում, - «և նրանք, ովքեր դեռևս մնում են այնտեղ, հայտնվել են երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու պայքարի էպիկենտրոնում»:

Հոդվածի հեղինակի համաձայն, սիրիահայ համայնքը, որը, տարբեր գնահատականների համաձայն, կազմում է 60-ից 100 հազար մարդ, ունի պատմություն, որը է՛լ ավելի անհանգստացնող է դարձնում այս երկրում ստեղծված իրավիճակը:

«Սիրիայում բնակվող հայերը Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգորդներն են: Շատերն անհանգստանում են, որ նույնը կարող է տեղի ունենալ Սիրիայում, որտեղ քրիստոնյա հայերը պատերազմի ժամանակ կրկին հայտնվել են մահմեդական գործակցի ողորմությանը թողնված վիճակում, և շատերը փորձում են անել ամեն ինչ՝ երկրից հեռանալու համար», - գրում է հեղինակը:

Հայաստան ժամանելուց հետո սակայն շատերը, ըստ հոդվածի, կրկին հանդիպում են դժվարությունների, քանի որ երկրում, ըստ ԱՄՀ-ի գնահատականների, գործազրկության մակարդակը կազմում է 20 տոկոս:

«Սիրիահայեր են ժամանում ամեն շաբաթ: Հայաստանի համար դա դժվար է: Մեր տնտեսությունն ամենալավ վիճակում չէ, սակայն փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նրանք ավելի մեծ ցավ չզգան», - ասում է Հայաստանի սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը:

Նախարարության համաձայն, մինչ օրս Սիրիայում հակամարտության սկզբից Հայաստան է տեղափոխվել մոտ 7 հազար հայ:

Հայաստանի իշխանությունները, պարբերականի վկայությամբ, փորձում են միջոցներ գտնել երկրում սիրիահայերի ընտելացումը հեշտացնելու համար, իշխանությունները հեշտացրել են սիրիահայերին ներգաղթի վիզա տրամադրելու գործընթացը, Հայաստանում բացվել են տարրական դպրոցներ, որտեղ դասավանդումն իրականացվում է սիրիահայ երեխաների համար ավելի սովոր արաբերենով՝ Սիրիայում օգտագործվող ուսումնական պլանի համաձայն:

«Չնայած Հայաստան ժամանողներից շատերը բնակություն են հաստատում Երևանում, Սիրիայում հակամարտությունից փրկված հայերի փորք մասը բնակություն է հաստատել Լեռնային Ղարաբաղում» - գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով նաև, որ Ադրբեջանը բողոքի պաշտոնական նոտա է ներկայացրել՝ վիճահարույց շրջանում փախստականներին բնակեցնելու պատճառով:

«Փախստականներից շատերը նախատեսում էին Հայաստանում մնալ ընդամենը մի քանի ամիս, սակայն ոմանք այժմ կարծում են, որ երբեք հետ չեն վերադառնա իրենց տները», - եզրափակում է «Յու-Էս-Էյ Թդեյ» ամերիկյան պարբերականում սիրիահայերի դրությանը նվիրված հոդվածը:
XS
SM
MD
LG