Մատչելի հղումներ

Բենգազիում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ զեկույցը ներկայացնելուց հետո աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվել է ԱՄՆ-ի արտգործնախարարության ևս երեք ծառայող

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հայտնել է Բենգազիում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ զեկույցը ներկայացնելուց հետո նախարարության բարձրաստիճան ղեկավարներից մեկի հրաժարական ներկայացնելու մասին:

Նախարարության ևս երեք ծառայող ազատվել է աշխատանքից այց բանից հետո, երբ անկախ հետաքննությունը եկել է Լիբիայի այդ քաղաքում սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակման պահին ԱՄՆ-ի հյուպատոսության անվտանգությունը պատշաճ մակարդակի ապահովված չլինելու մասին եզրակացության:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը տեղեկացրել է, որ նախարար Հիլարի Քլինթընն ընդունել է դիվանագիտական անվտանգության գծով փոխնախարար Էրիկ Բոսվելի հրաժարականը:

Նուլանդը տեղեկացրել է նաև, որ արտգործնախարարության երեք այլ ծառայող «ազատվել են ներկայիս պարտականությունների կատարումից»: Արտգործնախարարության խոսնակը չի նշել վերջիններիս անունները, սակայն ասել է, թե վերջիններս վարչական արձակուրդի են ենթարկվել:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունում կադրային փոփոխություններն իրականացվել են Լիբիայի Բենգազի քաղաքում այս տարվա սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակման հանգամանքների հետաքննությունն իրականացնող մասնագետների խմբի զեկույցը հրապարակելուց հետո:

Հաշվետվողականության ուսումնասիրության խորհրդի համաձայն, ԱՄՆ-ի արտգործնախարարության բարձրաստիճան ղեկավարության շարքերում «կանոնավոր կերպով թույլ տրվող սխալների և կառավարման թերությունների» արդյունքում անվտանգության մակարդակը չի համապատասխանել այն մակարդակին, որն անհրաժեշտ էր՝ Լիբիայի արևելյան այդ քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակման դեմն առնելու համար:

Խորհուրդը հայտնել էր նաև, որ հարձակման ժամանակին Բենգազիում գտնվող հյուպատոսության դիվանագետների անվտանգությունն ապահովող անձնակազմի թիվը «պատշաճ չէր»՝ չնայած Լիբիայում դիվանագետների կողմից անվտանգության լրացուցիչ անձնակազմ գործուղելու մասին ներկայացված բազմաթիվ դիմումների:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին վկայություններ կներկայացնեն հինգշաբթի օրը՝ դռնբաց նիստի ընթացքում:
XS
SM
MD
LG