Մատչելի հղումներ

Նյութաունում աշակերտները վերադարձել են դպրոցներ


Հայաստանի վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում երեքշաբթի օրը աշակերտները վերադարձել են դասարաններ: Դասերը վերսկսվել են քաղաքի բոլոր դպրոցներում, բացի «Սենդի Հուք» տարրական դպրոցից, որտեղ անցյալ ուրբաթ օրը զինյալի կողմից բացված կրակի հետևանքով զոհվել էր 20 երեխա և վեց մեծահասակ:

Նյութաունի իշխանությունների համաձայն, իրենց դպրոցները վերադարձող աշակերտներին և դպրոցի վարչական մասի աշխատողներին օգնություն են պատրաստ ցուցաբերել բազմաթիվ խորհրդականներ և ոստիկանության ծառայողներ: Քաղաքի իշխանությունները հայտնել են նաև, որ «Սենդի Հուք» տարրական դպրոցի աշակերտներին նախատեսում են տեղափոխել Նյութաունի մոտակայքում գտնվող Մոնրո քաղաքի դպրոցի չօգտագործվող շենք:

Նահանգի իշխանությունների համաձայն, սպանդն իրականացրած զինյալը եղել է 20-ամյա Էդամ Լանզան, որը հայտի է եղել որպես զուսպ և հասարակությունից խուսափող տաղանդաշատ երիտասարդ: Լանզան, տանն իր մորը սպանելուց հետո, վերցրել էր վերջինիս պատկանող հրազենները և ուղևորվել տարրական դպրոց, որտեղ սպանդն իրագործելուց հետո ինքնասպան է եղել՝ ոստիկանության ուժերի մոտենալուն պես:

Քննիչների համաձայն, զինյալի գործողությունների դրդապատճառները դեռևս անհայտ են:

Նյութաունում երեքշաբթի օրը կանցկացվի սպանդի ևս երկու զոհերի հուղարկավորության արարողությունը: Քաղաքում նախօրեին հողին էին հանձնվել մարդասպանի զոհերից երկուսի՝ վեց տարեկան երկու տղաների աճյունները:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Կոնեկտիկուտի Նյութաում քաղաքում կատարվածի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին:

Հայաստանի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետ Սարգսյանի հեռագրում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն փոխնախագահ, Հայաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Կոնեկտիկուտ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք ամերիկյան ժողովրդի հետ միասին, կիսում նրա վիշտը և աղոթում Աստծուն՝ անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Խնդրում եմ զոհվածների ընտանիքների անդամներին և բարեկամներին փոխանցել մեր կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը»:
XS
SM
MD
LG