Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան գործողության մեծ շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռի փորձարկում կարող է իրականացնել գալիք երեք շաբաթվա ընթացքում

Արբանյակային լուսանկարների վերլուծության ոլորտում գործող ընկերություններից մեկի համաձայն, Հյուսիսային Կորեայում գտնվող գործարկման հարթակներից մեկում նկատվում է ակտիվության աշխուժացում, ինչը կարող է նշանակել, որ մի քանի շաբաթից այս երկիրը կիրականացնի գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռի ևս մեկ փորձարկում:

«DigitalGlobe» ընկերության կողմից ցուցադրված պատկերները վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեայի «Սոհայե» գործարկման հարթակում ավելացել է բեռնատարների և այլ սարքավորումների թիվը, ինչպես նաև անձնակազմի ներկայությունը: Ընկերության համաձայն, ցանկության դեպքում Հյուսիսային Կորեան գործողության մեծ շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռի գործարկում այս տեղանքից կարող է իրականացնել գալիք երեք շաբաթվա ընթացքում:

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության խոսնակը երեքշաբթի օրը հայտնել է, թե «Սեուլն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացման»:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, Վաշինգտոնը տեղյակ է Հյուսիսային Կորեայի վերաբերյալ զեկույցների մասին և խորհուրդ չի տալիս այս երկրին իրականացնել հրթիռների որևէ փորձարկում:

«Ցանկանում ենք հիշեցնել Կորեայի ժողովրդավարական հանրապետությանը, որ այս տարվա ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով Կորեայի ժողովրդավարական հանրապետությունից այլևս չիրականացնել փորձարկումներ՝ հրթիռային բալիստիկ տեխնոլոգիայի կիրառմամբ», - ասել է Նուլանդը:

«DigitalGlobe»-ի համաձայն, ներկայում նկատվող ակտիվությունը նման է հյուսիսային Կորեայի կողմից այս տարվա ապրիլին բալիստիկ հրթիռի ձախողված փորձին:

Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման հրապարակում աշխատանքների իրականացման աշխուժացում է գրանցվել այն ժամանակ, երբ Հարավային Կորեան նախապատրաստվում է դեկտեմբերի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների: Որոշ կարծիքների համաձայն, Փխենյանը կփորձի ազդեցություն գործել ընտրությունների արդյունքների վրա՝ քարոզարշավների անցկացման կամ հրթիռ փորձարկելու միջոցով:
XS
SM
MD
LG