Մատչելի հղումներ

Աշակերտները վերադառնում են «Սենդի Հուք» դպրոց


«Դասերի ընթացքում հատուկ որևէ շեշտ չի դրվի դպրոցում տեղի ունեցածի վրա, քանի որ չկա տեղի ունեցածը կյանքի նորից կոչելու անհրաժեշտություն»

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում գտնվող «Սենդի Հուք» դպրոցի աշակերտները հինգշաբթի օրը կվերադառնան իրենց դասարաններ: Այս դպրոցի վրա անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 20 աշակերտ և վեց աշխատող, իսկ սպանդն իրականացնելուց հետո զինյալն ինքնասպանություն էր գործել:

Նյութաուն քաղաքի դպրոցների կառավարիչ Ջենեթ Ռոբինսոնի համաձայն, նախատեսվում է, որ հինգշաբթի օրը դպրոցը կգործի սովորական ժամանակացույցով: Ռոբինսոնն ասել է, որ դասերի ընթացքում հատուկ որևէ շեշտ չի դրվի դպրոցում տեղի ունեցածի վրա, քանի որ «չկա տեղի ունեցածը կյանքի նորից կոչելու անհրաժեշտություն»:

Դպրոցի աշակերտները ծնողների հետ չորեքշաբթի օրն այցելել են դպրոց, և ծնողներին, ցանկության դեպքում, հինգշաբթի օրը կթույլատրվի մնալ դպրոցում, որտեղ, բացի դպրոցի անձնակազմից, հերթապահություն կիրականացնեն հոգեկան առողջության ոլորտի աշխատողներ:

«Սենդի Հուք» դպրոցում իրականացված դաժան հարձակման հետևանքով զոհվել էր վեցից յոթ տարեկան հասակի 12 աղջիկ և ութ տղա երեխա: Մարդասպանի զոհ գնացած մեծահասակներից բոլորը կանայք էին, որոնց թվում էր դպրոցի տնօրեն Դոն Հոխսպրունգը, որը, ըստ հաղորդագրությունների, փորձել էր կանգնեցնել մարդասպանին, և ուսուցիչ Վիկտորիա Սոտոն, ով իր աշակերտներից մի քանիսի կյանքը կարողացել էր փրկել՝ նրանց իր մարմնով պաշտպանելով կրակոցներից:

Հարձակումն իրականացրել էր 20-ամյա Էդամ Լանզան, որը հայտի է եղել որպես զուսպ և հասարակությունից խուսափող տաղանդաշատ երիտասարդ:
XS
SM
MD
LG