Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու Թուրքան վճռական են Սիրիայի ճգնաժամին լուծում գտնելու հարցում


Պուտինը «չի պաշտպանում Սիրիայի կառավարությանն ու հանդես չի գալիս Դամասկոսի փաստաբանի դերում»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայն, իր երկիրն աշխատում է Թուրքիայի հետ համատեղ՝ լուծելու համար Սիրիայում շարունակվող ճգնաժամը, որի շուրջ երկու պետությունների դիրքորոշումները զգալիորեն տարբերվում են:

Սիրիայում շարունակվող ճգնաժամը զգալի տեղ է զբաղեցրել Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի միջև վարած բանակցություններում: Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ դիրքորոշումների տարբերությունը վերջերս դարձել էր երկու պետությունների միջև լարվածության պատճառ այն բանից հետո, երբ Էրդողանը խիստ քննադատության էր ենթարկել Մոսկվայի կողմից նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը տրամադրվող աջակցությունը: Երկու պետությունների առաջնորդների միջև հանդիպումից հետո սակայն Պուտինը գերադասել է իրեն «հեռու պահել» Դամասկոսից:

Ստամբուլում մեկօրյա իր այցի ավարտին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պուտինն ասել է, թե չի պաշտպանում Սիրիայի կառավարությանն ու հանդես չի գալիս Դամասկոսի փաստաբանի դերում:

Երկու պետությունների ղեկավարները հաստատել են Սիրիայի շուրջ ունեցած մանրամասն քննարկումների փաստը, ներառյալ՝ Էրդողանի կողմից արված առաջարկության քննարկումը։ Սակայն այս առաջարկության վերաբերյալ որևէ մանրամասն չի ներկայացվել:

Նախագահ Պուտինն ասել է, թե շարունակելու է համագործակցել Թուրքիայի և միջազգային հանրության հետ՝ այս ճգնաժամը լուծելու հարցում: Նա շեշտել է Սիրիայում ստեղծված իրավիճակի լուծման շուրջ ունեցած ընդհանուր կետերը՝ նշելով սակայն, որ դեռևս բավականին մեծ աշխատանք պետք է տարվի, ՝՝և չնայած այս աշխատանքի արդյունքների վերաբերյալ երկու պետությունների դիրքորոշումները համընկնում են, դեռևս չի հաջողվել համաձայնության գալ այս արդյունքներին հասնելու եղանակների շուրջ՛՛:

Պուտինի այցից առաջ Էրդողանն առաջարկել էր Մոսկվային առանցքային դեր ունենալ Սիրիայում հակամարտությունն ավարտելու հարցում: Բանակցությունների ընթացքում Պուտինը սակայն վերահաստատել է իր դիրքորոշումը Անկարայի կողմից Թուրքիայում «Փեթրիոթ» հրթիռները տեղակայելու վերաբերյալ ՆԱՏՕ-ին հղված դիմումի շուրջ՝ ասելով, որ դա կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ապակայունացմանը: Այնուամենայնիվ նախագահ Պուտինը շեշտել է, թե ըմբռնումով է մոտենում Թուրքիայի մտահոգություններին:

Ռուսաստանի նախագահի կողմից Թուրքիա կատարված այցի ընթացքում ստորագրվել են նաև մի շարք առևտրային և դիվանագիտական պայմանագրեր։ Երկու պետությունները հանձն են առել եռապատկել իրենց միջև առևտրի ծավալը՝ ներկայիս տարեկան 30 միլիարդ դոլարից հասցնելով 100 միլիարդի:

XS
SM
MD
LG