Մատչելի հղումներ

Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի վարձակալությունը


Գաբալայի ռադիոտեղորոշման կայան (արխիվային լուսանկար)

Գաբալայի ռադիոտեղորոշման կայան (արխիվային լուսանկար)

Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի խնդիրը կարող է բացասական ազդեցություն ունենալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա

Ռուսաստանը դադարեցրել է Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի վարձակալությունն այն բանից հետո, երբ երկու պետությունների իշխանությունները չկարողացան համաձայնության գալ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու շուրջ:

Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի օգտագործման մասին նախորդ պայմանագրի գործողության ժամկետը լրացել է այս տարվա դեկտեմբերի 9-ին:

Ռադիոտեղորոշման կայանը եղել է խորհրդային նախկին այս հանրապետությունում Ռուսաստանի ունեցած վերջին ռազմակայանը, որտեղ ծառայություն էին անցնում մոտ 1000 ռուս և 500 ադրբեջանցի զինծառայող:

Երկու պետությունների պաշտոնյաների միջև ռադիոտեղորոշման կայանի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին բանակցությունները մեկնարկել էին դեռևս 2011 թվականին: Ռուսաստանի իշխանությունների համաձայն, վարձակալության պայմանագիրը հետաձգել չցանկանալու պատճառի հիմքում ընկած է Ադրբեջանի իշխանությունների կողմից վարձակալության դիմաց վճարվող գումարի չափը հետզհետե ավելացնելու ցանկությունը:

1985 թվականին կառուցված կայանի վարձակալության համար Ռուսաստանը Ադրբեջանին տարեկան վճարում էր 7 միլիոն դոլար կազմող գումար: Ըստ հաղորդագրությունների, Ադրբեջանի իշխանությունները պահանջել են զգալիորեն ավելացնել այս գումարը:

Ռուսաստանի լրատվամիջոցների փոխանցմամբ, իր անունը բացահայտելուց հրաժարված դիվանագետներից մեկը հայտնել է, թե Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի խնդիրը կարող է բացասական ազդեցություն ունենալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:
XS
SM
MD
LG