Մատչելի հղումներ

Ռուսաստանը դարձել է աշխարհի ամենախոշոր նավթարդյունահանող երկիրը


Ռուսաստանը նավթի արդյունահանման ծավալներով առաջ է անցել Սաուդյան Արաբիայից

Ռուսաստանը դարձել է աշխարհի ամենախոշոր նավթարդյունահանող երկիրը՝ նավթի արդյունահանման ծավալներով առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից:

Այս մասին հաղորդել է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության («JODI») կողմից տրամադրված տվյալները:

Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության գնահատականների համաձայն, 2012 թվականին Ռուսաստանում օրական արդյունահանվել է 10 միլիոն տակառ նավթ, մինչդեռ Սաուդյան Արաբիայում նույն ցուցանիշը կազմել է 9,72 միլիոն տակառ:

Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության եզրակացությունների հիմքում ընկած են Ռուսատանի կառավարության կողմից Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին ներկայացված տեղեկությունները, որոնցից հանված են եղել գազային կոնդենսատի հեղուկների ծավալները:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն, այս տարվա սեպտեմբերին երկրում օրական արդյունահանվել է 10,39 միլիոն տակառ նավթ:

Հիշեցնենք, որ Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) կողմից ավելի վաղ ներկայացված տեղեկությունների համաձայն, մինչև 2020 թվականը Միացյալ Նահանգները կդառնա աշխարհում նավթի և գազի արդյունահանման առաջատարը:

ԷՄԳ-ի հաշվարկների համաձայն, մինչև 2015 թվականը Միացյալ Նահանգներն առաջ կանցնի Ռուսաստանից, իսկ մինչև 2017 թվականը՝ Սաուդյան Արաբիայից՝ բնական գազի արդյունահանման ծավալների ցուցանիշներով: Գործակալության կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում արդյունահանվող նավթի ծավալը կավելանա՝ 2015 թվականին օրական արդյունահանվող 10 միլիոն տակառ նավթ ցուցանիշը մինչև 2020 թվականն հասցնելով մինչև օրական 11 միլիոն տակառ նավթ: Սաուդյան Արաբիայում կստեղծվի հակառակ պատկեր և այս ցուցանիշը կնվազի՝ 2015 թվականի օրական 10,9 միլիոն տակառ նավթից 2020 թվականին նվազելով մինչև օրական 10,6 միլիոն տակառ նավթի:

Ըստ վերլուծաբանների, էներգետիկ շուկայում կարող են տեղի ունենալ մեծածավալ փոփոխություններ՝ կապված Միացյալ Նահանգներում նոր տեխնոլոգիաների ներդրման հետ, որոնք թույլ կտան առավել արագ իրականացնել նավթի և գազի արդյունահանումը թերթաքար պարունակող ապարներից:
XS
SM
MD
LG