Մատչելի հղումներ

Ռուսաստանում իսլամիստական խմբավորման բազմաթիվ ներկայացուցիչներ են ձերբակալվել


Մոսկվայում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ձերբակալվել է «Հիզբ ուտ-Թահրիր» խմբավորման մոտ 60 անդամ

Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է իսլամիստական արգելված խմբավորման վեց անդամ՝ վերջիններիս կողմից ծայրահեղական գրականություն տարածելու և հետևորդներ հավաքագրելու կասկածանքների հիման վրա:

Ոստիկանության կողմից երկուշաբթի օրը տարածված տեղեկությունների համաձայն, ձերբակալվածները եղել են Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից որպես ահաբեկչական որակված «Հիզբ ուտ-Թահրիր» միջազգային խմբավորման անդամներ:

Ռուսաստանի պաշտոնյաների համաձայն, իսլամական պետություն ստեղծելու նպատակ հետապնդող այս խմբավորման անդամները հետևորդներ հավաքագրելու ակտիվ աշխատանք էին վարում երկրի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող մզկիթներում:

Կասկածյալների բնակարանների խուզարկման ընթացքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է ինը նռնակ, այլ զենք, պայթուցիկ նյութեր և ծայրահեղական գրականություն:

Ռուսաստանի իշխանությունների համաձայն, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Մոսկվայում ձերբակալվել է «Հիզբ ուտ-Թահրիր» խմբավորման մոտ 60 անդամ:
XS
SM
MD
LG