Մատչելի հղումներ

«Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրենի համաձայն, Սիրիա մատակարարվող սարքավորումները նախատեսված չեն հարձակողական գործողություններ վարելու համար

Ռուսաստանի սպառազինության ոլորտում գործող պետական գործակալության ղեկավարն ասել է, թե իր գլխավորած կազմակերպությունը շարունակում է սպառազինություն ուղարկել Սիրիայի կառավարությանը, սակայն այդ սարքավորումները նախատեսված չեն հարձակողական գործողություններ վարելու համար:

«Ռոսօբորոնէքսպորտ» կազմակերպության տնօրեն Անատոլի Իսայկինը լրագրողների հետ չորեքշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում ասել է, թե Ռուսաստանը կատարում է իր պարտականություններն արդեն իսկ գործող պայմանագրով, ինչը հակաօրինական չէ, քանի որ Միավորված ազգերի կազմակերպությունը չի ընդունել Սիրիային սպառազինության վաճառքն արգելող որևէ բանաձև:

Ռուսաստանն ու Չինաստանը երեք անգամ օգտագործել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրենց ունեցած վետոյի իրավունքը՝ արգելափակելու համար Սիրիայի վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Այս պետությունները շեշտում են, որ Սիրիայի շուրջ բանաձևը պետք է նախատեսի այդ երկրում ստեղծված ճգնաժամի լուծում առանց արտաքին որևէ միջամտության:

Միավորված ազգերի կազմակերպությունը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբության սկզբից այդ երկրում զոհվել է արդեն 70 հազար մարդ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հանձնակատարն ընդամենը մեկ ամիս առաջ հայտնել էր Սիրիայում 60 հազար զոհվածների մասին:

XS
SM
MD
LG