Մատչելի հղումներ

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի հարցում երկակի ստանդարտների կիրառման մեջ


«Մենք հիասթափված ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների զբաղեցրած դիրքորոշման հետևանքով չի դատապարտվել Սիրիայում իրականացված ահաբեկչական հարձակումը»

Ռուսաստանն ուրբաթ օրը մեղադրել է Միացյալ Նահանգներին Սիրիայի հարցի շուրջ երկակի ստանդարտներ կիրառելու և Սիրիայում նախօրեին իրականացված ռմբակոծությունը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը խոչընդոտելու մեջ:

«Մենք հիասթափված ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների զբաղեցրած դիրքորոշման հետևանքով չի դատապարտվել Սիրիայում իրականացված ահաբեկչական հարձակումը: Կարծում ենք, որ նման դիրքորոշումը կարելի է որպես երկակի ստանդարտներ գնահատել, ինչը վկայում է ամերիկացի գործընկերների մոտ նկատվող ահաբեկչական որևէ գործողության անվերապահորեն դատապարտելու սկզբունքից շեղման մասին՝ մի սկզբունքից, որն ապահովում է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնականությունը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ Դամասկոսի կենտրոնական մասում երկրում իշխող «Բաաս» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ հինգշաբթի օրն իրականացվել է պայթուցիկով բեռնված մեքենայի պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, պայթյունի հետևանքով զոհվածների մեծ մասը եղել են խաղաղ բնակիչներ:

Դամասկոսում իրականացված պայթյունի հետևանքով վնասվել են դեպքի վայրի մոտակայքում գտնվող Ռուսաստանի դեսպանության պատուհանները:
XS
SM
MD
LG