Մատչելի հղումներ

Ռուսաստանն արգելել է փանք-խմբի բողոքի ցուցադրումը համացանցում


Դատարանի որոշման համաձայն Քրիստոս Ամենափրկչի տաճարում նկարահանված տեսանյութը չափազանց ծայրահեղական է

Մոսկվայի դատարաններից մեկը որոշում է կայացրել այն մասին, որ համացանցային կայքերը պետք է հեռացնեն նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ «Փուսի Ռայըթ» փանք-խմբի կողմից անցկացված բողոքի մասին տեսանյութը:

Դատարանը նախօրեին որոշում է կայացրել, որ Քրիստոս Ամենափրկչի տաճարում նկարահանված տեսանյութը չափազանց ծայրահեղական է, և կարգադրել է «սահմանափակել մուտքը դեպի այդ տեսանյութը»:

Նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված կանանց փանք-խմբի կողմից անցկացված բողոքի մասնակիցներից երկուսը խուլիգանության և կրոնական ատելության մեղադրանքներով դատապարտվել են երկու տարվա բանտարկության, իսկ երրորդ մասնակիցը պայմանական բանտարկության է դատապարտվել:

Նախագահ Պուտինի ընդդիմախոսներն այլախոհությունը ճնշելու դեմ ուղղված քաղաքական քայլ են անվանել «Փուսի Ռայըթ»-ի անդամների դատավարությունը, սակայն Մոսկվայի կենտրոնական տաճարում այս տարվա փետրվարին խմբի մասնակիցների կողմից անցկացված բողոքի ցույցն առաջացրել է հավատացյալներից շատերի զայրույթը:

Դատարանը հրապարակել է այն կայքերի ցանկը, որտեղ տեղադրված է արգելված տեսանյութը՝ սպառնալով, որ տեսանյութը չարգելափակելու դեպքում կդադարեցվի կայքերի աշխատանքը: Դեռևս սակայն հայտնի չէ, թե երբ է ուժի մեջ մտնելու դատարանի որոշումը:
XS
SM
MD
LG