Մատչելի հղումներ

Իրավապաշտպանները քննադատել են Աֆղանստանում մահապատժի կիրառումը


Իրավապաշտպանները մտահոգություն են արտահայտել Աֆղանստանի իրավական համակարգի կողմից արդար դատավարություն ապահովելու ունակության կապակցությամբ

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հորդորել են Աֆղանստանին վերջ դնել մահապատժի կիրառմանն այն բանից հետո, երբ երկրի իշխանություններն ի կատար են ածել ութ բանտարկյալի մահապատիժը:

«Human Rights Watch» և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունները լուրջ մտահոգություն են արտահայտել մահապատիժների իրականացման փաստի, ինչպես նաև Աֆղանստանի իրավական համակարգի կողմից արդար դատավարություն ապահովելու ունակության կապակցությամբ: Երկու կազմակերպությունները մահապատժի կիրառման դեմ են հանդես գալիս:

Աֆղանստանում Եվրոպական Միության առաքելությունը նույնպես նշել է, որ ունի մահապատիժների իրականացման վերաբերյալ լուրջ մտահոգություններ, և կոչ է արել Աֆղանստանի իշխանություններին կասեցնել մահապատժի կիրառումը:

Սպանության, մարդկանց առևանգման և բռնաբարության հանցագործությունների համար ութ բանտարկյալի մահապատժի ենթարկելու մասին դատավճիռը երեքշաբթի օրը հավանության է արժանացրել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը: Աֆղանստանի իշխանությունների համաձայն, գալիք մի քանի օրվա ընթացքում մահապատժի կենթարկվի ևս ութ բանտարկյալ:

Աֆղանստանում գործող թալիբները չորեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ ասելով, թե տեղեկացել են, որ բանտում գտնվող որոշ զինյալներին մահապատիժ է սպառնում, և խոստանալով, որ նման դատավճիռների իրականացման դեպքում «ծանր հետևանքներ» են սպասում Աֆղանստանի օրենսդիրներին, դատավորներին և պաշտոնյաներին:

Թալիբները, բացի այդ, պատասխանատվություն են ստանձնել Քաբուլում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակայանի մոտակայքում աֆղանստանցի երկու պահակների մահվան և հինգ տուժածի պատճառը դարձած պայթյունն իրականացնելու համար:

ՆԱՏՕ-ի համաձայն, պայթյունի հետևանքով վնասվել է դաշինքին պատկանող մեքենաներից մեկը, սակայն դաշինքի զինծառայողների շրջանում տուժածներ չեն եղել:
XS
SM
MD
LG