Մատչելի հղումներ

Պուտինը սատարել է ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից Ռուսաստանի երեխաների որդեգրումն արգելող օրինագիծը


Ռուսաստանի նախագահը զայրույթ է արտահայտել այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի բազմաթիվ դատարաններ մեղադրական չեն ներկայացրել այն զույգերին, որոնց խնամքի տակ եղած որդեգրած երեխաները մահացել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից Ռուսաստանի երեխաների որդեգրումն արգելող օրինագիծը:

Մոսկվայում հինգշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը որպես «հուզական արձագանք» է որակել Պետդումայի կողմից վերջերս հավանության արժանացրած օրինագիծը, որն ընդունվել է՝ ի պատասխան մարդու իրավունքների խախտումների հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին Միացյալ Նահանգներում ընդունված օրենքի:

Նախագահ Պուտինն այնուամենայնիվ «համապատասխան» է անվանել Պետդումայի կողմից ձեռնարկված գործողությունները:

Մամուլի ասուլիսի ընթացքում նախագահ Պուտինը զայրույթ է արտահայտել այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի բազմաթիվ դատարաններ մեղադրական չեն ներկայացրել Ռուսաստանում ծնված երեխաներին որդեգրած զույգերին այն բանից հետո, երբ երեխաները, լինելով վերջիններից խնամքի տակ, մահացել են: Պուտինի զայրույթն առաջացրել է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի պաշտոնյաներին արգելվել է որպես դիտորդ ներկա գտնվել նման դատավարությունների ընթացքում:

Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրումն արգելող՝ այսպես կոչված «Դիմա Յակովլևի օրենքի» նախագիծը Պետդումայի քննարկմանն էր ներկայացվել ԱՄՆ-ում «Սերգեյ Մագնիտսկու» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: «Սերգեյ Մագնիտսկու» օրենքով նախատեսվում է մուտքի արտոնագրային և տնտեսական պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտման հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ:

«Սերգեյ Մագնիտսկու օրենքի» ընդունմանն ի պատասխան մշակվող օրենսդրությունը նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հավանության արժանանալու դեպքում, Ռուսաստանում Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից երեխաների որդեգրման արգելքը ուժի մեջ կմտնի 2013 թվականի հունվարի 1-ից:

XS
SM
MD
LG